Հրապարակվել է փետրվարին Մերձմոսկովյան շրջանում կործանված Ան-148 օդանավի օդաչուների զրույցի տեքստը
Պետերբուրգյան «78» հեռուստաալիքը հրապարակել է փետրվարին Մերձմոսկովյան շրջանում կործանված Ան-148 օդանավի օդաչուների զրույցի տեքստը, հայտնում է lenta.ru-ն:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, ձայնագրությունն արվել է կործանումից մեկ րոպե առաջ:
Հրամանատար – Ինչո՞ւ ներքև, ո՞ւր ներքև, ո՞ւր:
Երկրորդ օդաչու – Որովհետև … 200 արագությունը:
Հրամանատար – Բարձրություն, բարձրություն, բարձրություն:
Հրամանատար – Վերջ…
Հրապարակված զրույցից երևում է, որ օդանավի հրամանատարն ու երկրորդ օդաչուն վիճել են այն մասին, թե արդյոք նրանց հաջողվել է կարգավորել ինքնաթիռի արագությունը: Այն բանից հետո, երբ երկու օդաչուները որոշել են, որ նրանց հաջողվել է հավասարեցնել արագությունը, երկրորդ օդաչուն սխալ է գործել:
Հրամանատարի և երկրորդ օդաչուի արագության ընդունիչները սկսել են տարբեր տվյալներ ցույց տալ, քանի որ երկրորդ օդաչուն մոռացել է տաքացնել սարքը: Խուճապի մատնվելով՝ նա ինքնաթիռն ուղղել է ներքև՝ բարձրություն հավաքելու փոխարեն:
Փետրվարին «Կոմերսանտ»-ի աղբյուրները հայտնել էին, որ կործանումից առաջ Ան-148-ի օդաչուներն ուշադրություն են դարձրել արագության ցածր ցուցանիշներին, բայց չեն հասկացել դրա պատճառը: Վիճելով՝ նրանք փորձել են կարգավորել իրավիճակը՝ մեծացնելով արագությունը և ինքնաթիռն ուղղելով ներքև:
Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել փետրվարի 11-ին, ինչի հետևանքով զոհվել է 71 մարդ: Նրանց թվում մեկ հայ կին է եղել՝ Վարսիկ Սևոյանը: Օդանավի երկրորդ օդաչուն նույնպես ազգությամբ հայ է եղել՝ Սերգեյ Ղամբարյանը:










