Մեծ Բրիտանիայում հետաքննում են ռուս նախկին լրտեսի թունավորման դեպքը, նա տեղափոխվել է հիվանդանոց. BBC

12:55 • 06.03.18

Ռուսաստանում պետական դավաճանության համար ազատազրկման դատապարտված, այնուհետ ներման արժանացած ու Մեծ Բրիտանիայում հաստատված գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալը հնարավոր է՝ թունավորվել է անհայտ թույնով անգլիական Սոլսբերի քաղաքում, հայտնում է BBC-ն:


Նախօրեին 66-ամյա Սկրիպալը և նրան ուղեկցող երիտասարդ կինը վատացել են անգլիական առևտրի կենտրոններից մեկում և տեղափոխվել են հիվանդանոց։


Առևտրի կենտրոնը և քաղաքի որոշ այլ շրջաններ շրջափակվել են, հատուկ մասնագետներն ախտահանել են տարածքը: Սկսվել է հետաքննություն։


Սկրիպալը դատապարտվել էր 2006 թվականին Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: