Սամվել Կարապետյանի «Տաշիր»-ը գործարկում է խանութներից ապրանքների պատվիրման և առաքման Save Time ծառայությունը
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը որոշել է զբաղվել հավելվածների մշակմամբ և առցանց առևտրով: Ընկերությունների խումբը մեկ տարվա ընթացքում մոտ 500 միլիոն ռուբլի կներդնի խանութներից ապրանքների պատվիրման և առաքման Save Time ծառայության համար, հայտնում է «Ведомости»-ն՝ վկայակոչելով «Տաշիր»-ի ներկայացուցիչ և նախագծի գլխավոր տնօրեն Դմիտրի Դորոշենկոյին:
Դորոշենկոն նշել է, որ այդ գումարները կուղղվեն տեխնոլոգիական գործընթացի զարգացմանը և օպտիմիզացմանը, մարքեթինգին, այդ թվում՝ գովազդին:
Ինչպես հայտնել է խմբի ներկայացուցիչը, «Տաշիր»-ի բիզնեսն ընդլայնվում է և դիվերսիֆիկացվում, և նախատեսվում են նախագծեր նոր ճյուղերում: SaveTime-ն առաջին նախագիծն է ծառայությունների հավելվածների ոլորտում:
Save Time-ի միջոցով հնարավոր է ապրանքներ պատվիրել մի շարք խանութներից ու ցանցերից: Ապագայում «Տաշիրը» մտադիր է մեծացնել գործընկեր ցանցերի թիվը և դուրս գալ այլ քաղաքներ: Դմիտրի Դորոշենկոն պատմել է, որ գնումների առաքումը տևում է մեկ ժամից պակաս և արժե 199 ռուբլի:










