«Ո՞ւր են դեմոկրատները, մենք պատրաստ ենք գործարքի». Թրամփը հայտնել է DACA ծրագրի վերաբերյալ գործարք կնքելու պատրաստակամության մասին

10:44 • 06.03.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է անօրինական ներգաղթյալների երեխաներին արտաքսումից պաշտպանող ծրագրի վերաբերյալ դեմոկրատների հետ գործարք կնքելու պատրաստակամության մասին: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:


«Այսօր մարտի 5-ն է, իսկ դեմոկրատներին հնարավոր չէ գտնել՝ DACA-ի հարցը լուծելու համար: Ես նրանց 6 ամիս էի տվել, իսկ նրանց համար միևնույն է: Ո՞ւր են նրանք: Մենք պատրաստ ենք գործարք կնքել»,-  գրել է նա:


DACA ծրագիրը պաշտպանում է արտաքսումից փոքր տարիքում Միացյալ Նահանգների տարածքում հայտնված մոտ 700 հազար մարդու: 2017 թվականի աշնանը Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ մտադիր է փակել ծրագիրը մինչև 2018 թվականի մարտի 5-ը, սակայն այդ որոշումն արգելափակվել էր դաշնային դատավորների կողմից: