Տասը տարվա ընթացքում միջազգային հանրությունը ճգնաժամերի հետևանքների վերացման համար ծախսել է 233 միլիարդ դոլար. ՄԱԿ
Տասը տարվա ընթացքում միջազգային հանրությունը ճգնաժամերի հետևանքների վերացման համար ծախսել է 233 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ, հայտնում է РБК-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ միջոցները ծախսվել են մարդասիրական, խաղաղարարական գործունեության և փախստականներին օգնություն տրամադրելու համար: Նա նշել է, որ ծախսված գումարները կարելի է փոխհատուցել, իսկ մարդկանց կյանքերը վերադարձնել հնարավոր չէ:
«Եվ այդ պատճառով ճգնաժամերին արձագանքելու փոխարեն մենք պետք է ավելի շատ միջոցներ հատկացնենք դրանք կանխելու համար»,- ասել է Գուտերեշը:
Նրա խոսքով՝ կանխարգելիչ դիվանագիտությունը ոչ միայն օգնում է փրկել մարդկանց, այլև ավելի շահավետ է տնտեսության տեսանկյունից:
Նշվում է, որ Համաշխարհային բանկի տվյալներով՝ ճգնաժամերի կանխարգելման ուղղությամբ արդյունավետ քայլերի ձեռնարկումը կօգնի միջազգային հանրությանը տնտեսել տարեկան 5 միլիարդից 70 միլիարդ դոլար:










