ՍԾՏՀ ԽՎ ստամբուլյան նիստին ՀՀ-ն բարձրացրել է Կիևի քննարկումից հայկական կողմին դուրս թողնելու հարցը. Ա. Սաղաթելյանը հորդորել է լուրջ վերաբերվել կառույցին

13:39 • 07.03.18

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի անդամ պետությունների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ստամբուլյան 2-րդ նիստին քննարկվել են կառույցի անցած 25 տարիների գործունեությունը, առաջիկա ծրագրերը, մարտահրավերները ու գործակցության հնարավոր ուղիները:

Նիստի առաջին բաժնում յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ ներկայացրել է իր երկրին հուզող օրակարգային հարցերը: Հայաստանի դեպքում շեշտը դրվել է Կիևում անցկացված համաժողովից հայկական պատվիրակությանը դուրս թողնելու հարցի վրա։

Հիշեցնենք, որ ՍԾՏՀ ԽՎ-ում առանց ՀՀ պատվիրակության քննարկվել և փոփոխություն էր մտցվել տարածաշրջանի հակամարտությունների մասին հռչակագրում։

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ նիստին հորդորել է այլևս լուրջ և ավելի քննադատաբար վերաբերվել 25 տարվա աշխատանքային փորձ ունեցող կառույցին:

Իր ելույթում Արա Սաղաթելյանը, ի թիվս այլ դիտարկումների, մասնավորապես, ասել է. «Ցավոք, պետք է նշեմ, որ վերջին շրջանում նկատվում են որոշակի շեղումներ մեր համագործակցության հիմքում դրված սկզբունքներից: Մենք ականատես ենք լինում միակողմանի գործողությունների, որոնք միտված են մեկուսացնելու մասնակից առանձին պետություններին: Նմանօրինակ փորձերը խաթարում են կազմակերպության սկզբունքները, ինչն անհանգստությունների տեղիք է տալիս»:

Նա շեշտել է, որ գլխավոր քարտուղարի տեղը և դերը նրանում է, որ հավասարաչափ ապահովի ներգրավված կողմերի մասնակցությունը կառույցի աշխատանքներին։ 

Խոսելով երկրների փոխգործակցության մասին՝ Արա Սաղաթելյանն ասել է. «Եվս մեկ անգամ ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը համագործակցության հարթակների ընդլայնման և մեր երկրների տնտեսական, հումանիտար առաջնահերթությունների մերձեցմանն ուղղված պայմանների ստեղծման անհրաժեշտության վրա: Այս ոլորտներում արձանագրվելիք հաջողություններից հետո կարող ենք մտածել համատեղ քաղաքական օրակարգ ձևավորելու մասին»: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ երբեմն երկրների հարաբերություններում առկա խնդիրները հարթելու հնարավորություն է ստեղծվում, բայց այդ հնարավորությունները ոչ միշտ են օգտագործվում՝ բավարար քաղաքական կամքի բացակայության և այլ գործոնների ազդեցության պատճառով. «Նման խնդրի մենք բախվեցինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաձեռնված գործընթացում: Հայկական կողմի նախաձեռնությամբ սկսված գործընթացը հանգեցրեց Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրությունների ստորագրմանը, բայց դրանք այդպես էլ չվավերացվեցին Թուրքիայի կողմից: Ավելին, Թուրքիան սկսեց նախապայմաններ առաջ քաշել և աղավաղել գործընթացի էությունը, ինչի արդյունքում Հայաստանը ստիպված եղավ դադարեցնել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը»: 

Նշենք, որ Հայաստանը՝ որպես կառույցի հիմնադիր անդամ, առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում: