Արևելյան Ղուտայում զոհված խաղաղ բնակչության թիվը հասել է 800-ի. իրավապաշտպաններ
Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանում շարունակվում են ռազմական գործողությունները, գրում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող տարածքում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 800-ի: Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի տվյալներով՝ նրանց թվում առնվազն 177-ը երեխաներ են:
Հայտնի է, որ նախագահ Բաշար ալ Ասադի զորքերն Արևելյան Ղուտայում ռազմական գործողությունները վերսկսել են փետրվարի 18-ից:
Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ մարտի 5-ից առ այսօր կառավարական զորքերի ավիահարվածների հետևանքով զոհվել է 95 քաղաքացի:
Այժմ կառավարական ուժերի վերահսկողության տակ է գտնվում Արևելյան Ղուտայի ամբողջ տարածքի 40%-ը: Մարտեր են ընթանում շրջանի հյուսիս-արևելյան, կենտրոնական ու հարավ-արևելյան հատվածներում:
Նշվում է, որ Արևելյան Ղուտայի 400.000 բնակիչները տևական ժամանակ գտնվում են շրջափակման մեջ, ինչի հետևանքով տվյալ շրջանում մարդասիրական ճգնաժամ է առաջացել: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել էր օրական 5-ժամյա հրադադար պահպանել Արևելյան Ղուտայում, որպեսզի շրջափակման մեջ գտնվող բնակիչները կարողանան մարդասիրական օգնություն ստանալ:










