Հայտնաբերվել է Գավառում անհետ կորած դրամափոխի դին, սպանության կասկածանքով բերման է ենթարկվել համաքաղաքացին

12:09 • 07.03.18

Մարտի 7-ին Գավառ քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, ամուսինը` 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանը, դուրս է եկել Գավառի շուկայի տարածքից` տուն վերադառնալու, և անհետ կորել է:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների և նախաքննական մարմնի աշխատակիցների փոխգործակցության, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սպանություն է կատարվել:

Ըստ նախնական տեղեկությունների` Հայրապետ Հերգնյանին սպանել և դիակը աղբանոցում թաքցրել է Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Միշա Մ.-ն, որն էլ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միշա Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ «Արմենպեսի» հաղորդմամբ՝ 3 օր անհետ կորածի կարգավիճակով ոստիկանների կողմից որոնվում էր Գավառ քաղաքի բնակիչ, դրամափոխությամբ զբաղվող, 1963 թվականին ծնված Հայրապետ Հերգնյանը: