Քաթարի շրջափակումը կարող է տևել տասնամյակներ. Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալմանը հայտարարել է, որ արաբական 4 երկրի կողմից Քաթարի դեմ կիրառվող մեկուսացման քաղաքականությունը կարող է տևել տասնամյակներ՝ ինչպես ԱՄՆ-ի կողմից Կուբայի շրջափակումը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով արաբական մամուլին:
«Քաթարի շրջափակումը կարող է տևել տասնամյակներ, ինչպես դա եղավ ԱՄՆ-ի կողմից Կուբայի շրջափակման դեպքում», - ասել է սաուդյան արքայազնը:
Ընդ որում՝ Մուհամեդ իբն Սալմանը նշել է, որ ինքն անձամբ չի զբաղվում Քաթարի խնդրով՝ «մի երկրի, որն ունի ավելի քիչ բնակչություն, քան Եգիպտոսի մի փողոց»:
«Ես չեմ զբաղվում դրանով: Այդ դոսյեն վարողը նույնիսկ նախարար չէ», - ասել է արքայազնը, որը նաև զբաղեցնում է երկրի պաշտպանության նախարարի ու փոխվարչապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար։ Դոհային ներկայացվել է տասներեք պահանջներից բաղկացած ցուցակ, որոնց կատարման դեպքում միայն երկրի հետ հարաբերությունները հնարավոր է վերականգնվեն։










