MI5-ը կարծում է, որ Անգլիայում ռուս նախկին լրտես Սկրիպալի թունավորումը տեղի է ունեցել Ռուսաստանի հովանավորությամբ
Ռուսաստանում պետական դավաճանության համար ազատազրկման դատապարտված, այնուհետ ներման արժանացած ու Մեծ Բրիտանիայում հաստատված գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր ենթադրյալ թունավորումը հետաքննվում է որպես Ռուսաստանի հետ կապված մահափորձ, հայտնում է The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարությունում աղբյուրների:
Հիշեցնենք, որ 66-ամյա Սկրիպալը և նրա դուստրն օրերս վատացել են անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և տեղափոխվել հիվանդանոց։ Դիտարկվում է նախկին լրտեսի թունավորման վարկածը։
Ինչպես գրում է թերթը, առաջին տվյալները ցույց են տալիս, որ տեղի է ունեցել ՌԴ հովանավորությամբ մահափորձ, և դա դիտարկում են Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը և MI5 անվտանգության ծառայությունը: Չեն բացառվում նաև այլ վարկածներ:
The Times-ը հայտնել է, որ հետաքննության շրջանակում կդիտարկվեն նաև քաղցկեղից Սկրիպալի կնոջ՝ Լյուդմիլայի մահը 2012 թվականին և նրա 44-ամյա որդու՝ Ալեքսանդրի մահը 2014 թվականին:
Նշվում է, որ նախկին լրտեսի դուստր Յուլյան անցած շաբաթ Մոսկվայից Անգլիա էր մեկնել Ալեքսանդրի ծննդյան օրը հորն աջակցելու և նրա հետ միասին անցկացնելու համար:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Յուլյայի ընկերներից մեկը հայտարարել է, որ հուսով է՝ Վլադիմիր Պուտինին բանտ կնստեցնեն, ինչին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Սկրիպալի դուստրը գրել է «հիանալի է»։
«33-ամյա Յուլյան, ով, ինչպես համարվում է, թունավորվել է նույն նյութով, ինչ նրա հայրը, մեկնաբանել է Facebook-ում տեղադրված նամակը, որում Պուտինը մեղադրվում է «աշխարհում վատագույն նախագահը» լինելու համար»,- գրում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք, որ Սկրիպալը դատապարտվել էր Ռուսաստանում 2006 թվականին Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:










