Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդատուն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
ԱՄՆ նախագահին կից ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Գերին Քոնը հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին, հայտնում է Reuters գործակալությունը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդական Գերին Քոնը՝ Goldman Sachs բանկի նախկին նախագահն ու ազատ առևտրի ջատագովը, չի պաշտպանել ԱՄՆ-ում պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Թրամփի ծրագիրը:
Ինչպես Reuters գործակալությանը հայտնել են Սպիտակ տան պաշտոնյաները, Քոնն իր որոշման մասին Թրամփին հայտնել է երեքշաբթի, բայց նա և նախագահը մի քանի շաբաթ է, ինչ քննարկում էին իր հեռանալու հնարավորությունը:
Իր հայտարարությունում Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդատուն չի նշել պաշտոնից հեռանալու կոնկրետ պատճառը և շնորհակալություն է հայտնել նախագահին երկրին ծառայելու և տնտեսական աճին ուղղված քայլերին նպաստելու հնարավորություն ընձեռելու համար:
Թրամփը Twitter-ում գրել է, որ շուտով տնտեսության հարցերով նոր ավագ խորհրդական կնշանակի: «Այս աշխատանքը ցանկացողները շատ են, կընտրեմ խելամտորեն»,- գրել է նա:
Թրամփը մարտի սկզբին հայտարարել էր պողպատի ներմուծման համար 25 տոկոսի և ալյումինի ներմուծման համար 10 տոկոսի մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին՝ առաջացնելով Եվրամիության կտրուկ արձագանքը: Բացի մետաղներից՝ Թրամփը նաև սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայում արտադրվող ավտոմեքենաների համար:
Առևտրի հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Սեսիլիա Մալստրեմը հայտարարել է, որ Եվրոպան, որպես պատասխան միջոց, դիտարկում է ԱՄՆ-ից ներկրվող Levi’s ջինսերի և բուրբոնի նկատմամբ 25 տոկոսի հարկ սահմանելու հնարավորությունը:










