Ամենակարևորը ջերմ վերաբերմունքն է հարազատների, ընկերների կողմից. ինչ են ակնկալում կանայք իրենց տոնից (տեսանյութ)
Ծաղիկներ ու սեր․դրանք են Tert.am-ի՝ Երևանի կենտրոնում արված հարցմանը մասնակցող կանանց համար մարտի 8-ի ամենամեծ նվերները:
«Մեր քաղաքի յուրաքանչյուր անկյան ծաղիկը մեր սիրտն ուրախացում է: Թող այսօրվա տրամադրությունը փոխանցվի հաջորդ օրերին, որ մեր երջանկությունը չպակասի»,- ասաց հարցվածներից մի կին՝ հավելելով, որ կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ շատ կան, - «ո՞վ մեզ պիտի պաշտպանի՝ մենք ինքներս: Կողքից ոչ ոք չի կարողանա դա անել»:
Հարցվածներից մի կին էլ նշեց, որ օրը սկսել են շատ լավ, բարձր տրամադրությամբ, տանը՝ Դիլիջանում, հետո եկել են Երևան՝ այստեղ շարունակելու տոնը: «Ամենակարևորը ջերմ վերաբերմունքն է հարազատների, ընկերների կողմից: Կարծում եմ՝ կանայք ամբողջ տարի պետք է լինեն սիրված ու գնահատված: Միայն մեկ օրը քիչ է կանանց հիշելու համար»,- ասաց նա՝ հավելելով. «Կարծում եմ՝ կնոջը պետք է մեծարել, քանի որ այնքան բարդ է Հայաստանում սոցիալական վիճակը․կանայք կարծես հերոսներ լինեն՝ թե՛ տանը, թե՛ դրսում, հասարակության մեջ»:
Կինը շատ մեծ դեր ունի հասկացող մարդկանց համար․ այս կարծիքին էր հարցվածներից մի տարեց կին: «Կարևոր է, որ կինը հարգվի, սիրվի: Սերն է, որ պահում է կնոջը իր ընտանիքում և հասարակության մեջ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.










