Արցախի կին սակրավորները՝ «Ալ Ջազիրայի» ֆոտոշարքում (լուսանկարներ)

18:30 • 08.03.18

«Ալ Ջազիրա» միջազգային հեռուստատեսային ցանցի թղթակիցներն այցելել են Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք և ֆոտոշարքի միջոցով պատմել այնտեղ աշխատող կին սակրավորների մասին:

Ինչպես նշում են «Ալ Ջազիրայի» թղթակիցները, այցելության ժամանակ Բերձորում ձյան տեսքով ուժեղ տեղումներ էին, ինչի հետևանքով ամբողջ շրջանում խախտվել էր էլեկտրամատակարարումը, և տները ջեռուցվել են գազի վառարանների միջոցով:

Սակրավորներից մեկի՝ HALO Trust կազմակերպության աշխատակից Ինգա Ավանեսյանի խոսքով՝ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով սակրավորների աշխատանքն ավելի է բարդանում, սակայն «ձյունը ոչինչ է` մյուս դժվարությունների համեմատ»:

«Ալ Ջազիրայի» անդրադարձում նաև ներկայացվում է 1988-1994 թվականներին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հակամարտությունը և նշվում, որ «ականները և չպայթած զինամթերքը շարունակում են աղտոտել հողը՝ վտանգի ենթարկելով մարդկանց կյանքը և վնաս հասցնելով տարածաշրջանի տնտեսությանը»:

Նշվում է, որ Արցախում HALO Trust կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2000 թվականին, իսկ 2015-ին աշխատանքի են վերցվել առաջին կին սակրավորները. այժմ կազմակերպությունում աշխատում է 11 կին:

«Անտեսելով ավանդական գենդերային դերերը՝ նրանք կարող են օգտակար լինել իրենց ընտանիքներին, ինչպես նաև՝ զգալի տարբերություն մտցնել իրենց համայնքներում», - նշել են թղթակիցները:

Սվետլանան՝ HALO Trust-ի սակրավորներից մեկը Մարզիլիում:



Ալվինան՝ HALO Trust-ի սակրավորներից մեկը Մարզիլիում:

 

Հակաօդային պաշտպանության համար նախատեսված մալուխներ:

 

Լուսնինեն  որպես սակրավոր աշխատում է 2017 թվականից:

 

Սակրավոր Վարդիթերի խոսքով՝ աշխատանքի ամենաբարդ մասը երեխաներից հեռու լինելն է:

 

HALO Trust-ի սակրավոր Ինգան՝ Բերձորի ականադաշտերից մեկի մոտ տեղակայված բազայում:

 

Սակրիավոր Նարինեն ապրում է իր աշխատավայրի մոտակայքում և ամեն օր կարող է աշխատանքից հետո տուն վերադառնալ:

 

Սակրավորների թիմի բուժաշխատողների սարքավորումները:

 

Քրիստինեն աշխատում է Աղավնատուն ականադաշտում:

 

Աղավնատուն ականադաշտը

 

HALO Trust-ի սակրավորների թիմն Աղավնատուն ականադաշտում: