Ֆլորիդայում ընդունվել է օրինագիծը, որը թույլ է տալիս ուսուցիչներին զինվել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծը, որը մի շարք սահմանափակումներ է մտցնում ազատ զենք կրելու հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ներկայացուցիչների պալատում օրինագիծն ընդունվել է 67 ձայնով՝ 50-ի դեմ, այն թույլ է տալիս ուսուցիչներին ու ուսումնական հաստատությունների այլ աշխատակիցների զենք կրել։ Բացի այդ, բարձրացվել է զենք գնելու համար թույլատրված տարիքային շեմը՝ 18-ից 21-ի։ Զենքի գնման դեպքում սահմանվում է նաև 3-օրյա սպասման ժամանակահատված, որպեսզի նրանք, ովքեր ձեռք են բերում հրազենը ցասման պահին, մտափոխվեն։
Օրինագիծն ավելի վաղ ընդունել էր նահանգի Սենատը, այժմ այն պետք է նահանգապետին ուղարկվի՝ ստորագրության համար։ Ավելի վաղ նահանգապետը հայտարարել էր, որ դեմ է ուսուցիչների զինմանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին 19-ամյա Նիկոլաս դե Խեսուս Կրուզը, զինված ինքնաձիգով ու նռնակներով, ներխուժել էր Ֆլորիդայի դպրոցներից մեկը՝ սպանելով 17 մարդու: Հետագայում պարզվել է, որ նա սպիտակամորթ ռասիստների գաղափարախոսության հետևորդ է: Աուտիզմով տառապող երիտասարդը ծնողազուրկ է ու անկարգապահության պատճառով հեռացվել էր այդ դպրոցից: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է զինել դպրոցների ուսուցիչներին, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել այդ դպրոցում տեղի ունեցած արյունալի հարձակման պես ողբերգությունները:










