Գերմանիայի արտգործնախարարը չի ընդգրկվի կառավարության նոր կազմում
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Twitter-ում հայտարարել է, որ չի ընդգրկվի Գերմանիայի կառավարության նոր կազմում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես չեմ ընդգրկվի կառավարության նոր կազմում»,- գրել է Գաբրիելը:
Նրա խոսքով՝ այդ մասին հինգշաբթի իրեն հայտնել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Անդրեա Նալեսը և կուսակցության ղեկավարի պաշտոնակատար Օլաֆ Շոլցը:
Reuters-ի փոխանցմամբ՝ կոալիցիայի մասին համաձայնագրի շրջանակում որոշվել է, որ նոր արտգործնախարար նշանակելու իրավունքը պատկանում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: Սպասվում է, որ կուսակցությունը կհայտնի իր որոշման մասին ուրբաթ առավոտյան:
Ավելի վաղ սոցիալ-դեմոկրատները համաձայնել են նոր կառավարություն ձևավորել Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքի հետ միասին:
Հիշեցնենք, որ Գերմանիայում բունդեսթագի ընտրությունները տեղի են ունեցել 2017 թվականի սեպտեմբերի վերջին, ինչից հետո սկսվել են կոալիցիա ձևավորելու շուրջ բանակցությունները:










