Հարավային Կորեայից հատուկ պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ՝ ԿԺԴՀ այցի մասին զեկուցելու համար

13:20 • 08.03.18

Մարտի 5-6-ին ԿԺԴՀ այցելած Հարավային Կորեայի կառավարական պատվիրակության անդամները հինգշաբթի մեկնել են ԱՄՆ՝ մանրամասն պատմելու այցի արդյունքների և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ըյ Յոնը, որը գլխավորել է այցի ժամանակ կառավարական պատվիրակությունը, և ազգային հետախուզական գերատեսչության ղեկավար Սո Խունը հանդիպումներ կարող են ունենալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ ՄքՄասթերի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:


Հարավկորեացի դիվանագետները Սեուլ կվերադառնան մարտի 11-ին, ինչից հետո Չոն Ըյ Յոնը պետք է այցելի Ռուսաստան և Չինաստան, իսկ Սո Խունը՝ Ճապոնիա: