Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Զաքարյան իշխանների դամբարանի մոտ հոր գերեզմանը կառուցելու համար
Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Սանահին վանական համալիրի տարածքում Զաքարյան իշխանների դամբարանի մոտ հոր գերեզմանը կառուցելու համար:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Ալավերդու դատարան և ընդունվել Սուրեն Բաղդասարյանի վարույթ:
Գագիկ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով պատմական հուշարձանի հնարավոր վնասման հանգամանքը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Սանահինի վանական համալիրի պահպանման գոտու տարածքում՝ Զաքարյան իշխանների դամբարան-մատուռ տանող ճանապարհի վրա, 2017 թվականի հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի կառուցել է հոր գերեզմանը: Դրա հետևանքով վնասվել է առանձնակի արժեք ունեցող պատմության և մշակույթի նշված հուշարձանը, այդ թվում խաթարել է պատմական միջավայրը, արժեզրկվել է հուշարձանը և դրա գեղարվեստական ընկալումը:
Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 264-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Վերանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:










