ՆԱՏՕ-ում նախազգուշացրել են Թուրքիային ռուսական C-400 գնելու հետևանքների մասին
Թուրքիայի կողմից C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումը լուրջ մտավախություններ է առաջացնում ՆԱՏՕ-ում, հայտնում է Breaking Defence-ը՝ վկայակոչելով դաշինքի ռազմական հանձնաժողովի ղեկավար Պետր Պավելին:
Ռազմաքաղաքական դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ C-400-ն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ, այդ պատճառով զենիթահրթիռային համալիրները կկիրառվեն որպես առանձին միավոր՝ չինտեգրվելով դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգում:
Պավելի խոսքով՝ հիմնական խնդիրն օպերատիվ տեղեկատվությունն է, որը տվյալներ է պարունակելու Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների մասին: Այդ տեղեկությունը, ինչպես ընդգծել է պաշտոնյան, հետագայում պահպանվելու է նաև ռուսական համակարգերում:
Կազմակերպության ռազմական հանձնաժողովի ղեկավարը նաև մտավախություններ է հայտնել այն մասին, որ C-400-ի շահագործումը պահանջում է պատրաստության որոշակի մակարդակ, ինչի առնչությամբ ռուս մասնագետներ կուղարկվեն Թուրքիա: Ռուսաստանից այդ փորձագետները, Պավելի մտավախությամբ, կարևոր հետախուզական տվյալներին հասանելիություն կունենան, որոնք այնուհետև կարող են փոխանցվել ռուսական իշխանություններին:










