Վիեննայում դանակով հարձակվել են անցորդների վրա. կան տուժածներ

12:39 • 08.03.18

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Երկրորդ թաղամասում չորեքշաբթի երեկոյան դանակով 2 հարձակում է տեղի ունեցել անցորդների վրա, ինչի հետևանքով 4 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:


Ինչպես նշել է ոստիկանության խոսնակը, պարզ չէ, թե արդյոք հարձակումները կապված են միմյանց հետ և որն է եղել դրանց շարժառիթը:


Ինչպես հայտնել է ոստիկանության խոսնակը, առաջին հարձակումը տեղի է ունեցել երեկոյան ժամը 7:45-ին: Անհայտ տղամարդը հարձակվել է ընտանիքի՝ հոր, մոր և նրանց 17-ամյա դստեր վրա: Ավստրիայի երեք քաղաքացիները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքը վտանգի մեջ է, հայտնել է ոստիկանության խոսնակը:


Կես ժամ անց տեղի է ունեցել երկրորդ հարձակումը, որի հետևանքով ծանր վիրավորվել է ևս մի մարդ: Երկրորդ հարձակման առնչությամբ ձերբակալվել է Աֆղանստանի քաղաքացի: Այլ մանրամասներ հայտնի չեն: