Մեր նախագիծը պատմություն է վատ դիվանագիտական երազի մասին. «Դեսպանատուն» սերիալի պրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյան

16:00 • 05.05.18

Պրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյանը, ով ղեկավարում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, իր նոր գործի՝ «Դեսպանատուն» քաղաքական դրամայի պրեմիերայի առիթով զրուցել է teleprogramma.pro կայքի հետ՝ պատմելով սերիալի դերասանական կազմի և նախագծի մասին: Նոր սերիալը եթեր է հեռարձակվելու ռուսական «НТВ» հեռուստաալիքով մայիսի 7-ից:

Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ նոր սերիալը քաղաքական դետեկտիվ է, որը հիմնված է ակտուալ թեմաների վրա և որում ներգրավված են գործող բարձրաստիճան քաղաքական գործիչների կերպարներ:

Վիկտոր Սողոմոնյանը, խոսելով սերիալի մասին, նշել է, որ ցանկացած դիվանագետի ամենավատ երազներից մեկը «դիվանագիտական սկանդալի մեջ հայտնվելն է»:

«Հարցրեք ցանկացած դիվանագետի, թե մասնագիտական թեմայով ինչ կարող է նա տեսնել իր ամենավատ երազում: Չեմ կասկածում, որ պատասխաններից մեկը կլինի՝ «Հայտնվել դիվանագիտական սկանդալի մեջ և խայտառակել երկիրդ»: Այնպես որ, սցենարի տեանկյունից՝ «Դեսպանատուն» սերիալը նման վատ դիվանագիտական երազի մասին պատմություն է»,- ասել է նա:

Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ սերիալը նախևառաջ քաղաքական է: Նրա խոսքերով՝ ֆիլմի խորհրդականները եղել են դիվանագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, որոնք ըմբռնումով են մոտեցել նրան, որ ֆիլմում շատ բաներ կարող են չհամապատասխանել իրականությանը:

«Գաղտնի չէ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում քաղաքական լուրերը դարձել են գերակայող մեր ամենօրյա սպառած տեղեկությունների մեջ: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ ոչ միայն չի դիտվում սպառողների կողմից այդ տեղեկատվության հանդեպ բացասական վերաբերմունք, այլև առկա են համաշխարհային քաղաքականության և դրա, այսպես ասած, բաղադրիչների և գործող անձանց նկատմամբ հետաքրքրվածության աճի նշաններ»,- ասել է նա:

Վիկտոր Սողոմոնյանը վստահություն է հայտնել, որ վերջին 5-6 տարիներին նկարահանված մի շարք քաղաքական սերիալների (այնպիսիք, ինչպիսին է «Քարտերի տնակ» սերիալը) աղմկոտ հաջողությունը պայմանավորված է նաև այդ գործոնով:

«Նախ ցանկություն կար միանալ այդ թրենդին: Երկրորդ հերթին՝ անկեղծ ցանկություն կար ցուցադրել սովորական մարդկանց համար անտեսանելի դիվանագետների աշխատանքի կարևորությունը: Ի վերջո, երրորդ հերթին՝ անձնական մակարդակում՝ սերիալը լավ հնարավորություն դարձավ, այսպես ասած, էկրանավորել քաղաքականության և արտաքին քաղաքական գործընթացների մասին իմ գիտելիքները: Հույս ունեմ, որ արդյունքում հետաքրքիր ֆիլմ է ստացվել, և որ հանդիսատեսը կհավանի այն»,- ասել է նա:

Մեր նախագիծը պատմություն է վատ դիվանագիտական երազի մասին. «Դեսպանատուն» սերիալի պրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյան