Երևանի կայարանամերձ հրապարակի կիսակառույց շենքում քանդման աշխատանքներ են տարվում. կկառուցվի հյուրանոցային և առևտրային համալիր

21:58 • 29.05.18

Երևանի կայարանամերձ հրապարակին հարող կիսակառույց բազմահարկ շենքում քանդման աշխատանքներ են կատարվում, որի տեղում կկառուցվի հյուրանոցային և առևտրային համալիր: Այս մասին Tert.am-ին հայտնեց Քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը:

Կայարանամերձ հրապարակում գտնվող կիսակառույց շենքում ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն ևս 2-3 ամիս, բայց զուգահեռաբար նաև մշակվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար էսքիզային նախագիծը:

Այնուհետև ներդրողը կդիմի քաղաքապետարան և սահմանված կարգով շինարարության թույլտվություն կստանա: «Առաջիկա տասնօրյակում ներդրողը կլինի Հայաստանում և էսքիզային նախագիծը կներկայացնի քաղաքապետարան»,- ասաց նա:

«Երևանի կայարանամերձ հրապարակին հարող կիսակառույց բազմահարկ շենքի տեղում կկառուցվի հյուրանոցային և առևտրային համալիր: Երկու կարգի հյուրանոց է լինելու՝ 3 աստղանի և ավելի բարձր կարգով: Լինելու է նաև առևտրային հատված և բիզնես կենտրոն»,- տեղեկացրեց Անահիտ Եսայանը:

Հյուրանոցային համալիրը կառուցվելու է լիբանանցի ներդրողի միջոցներով, նախատեսվում է մոտ 60 մլն դոլարի ներդրում իրականացնել:

«Դեռ նախորդ տարեվերջին Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներդրողին խնդրել էր, որ ճարտարապետական նախագծի մեջ հաշվի առնեն նաև նախկինում քաղաքի այդ հատվածում գտնվող, խորհրդային տարիներին քանդված «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը: Հնարավոր է նաև կինոթատրոն լինի այդ մասում, ներդրողը ասել է, որ կմտածի»,- նշեց կոմիտեի մամուլի քարտուղարը:

Հարցին, թե տասնյակ տարիներով կայարանամերձ հատվածը անմխիթար վիճակում էր, ինչո՞ւ այսքան ուշացավ կայացվեց շենքի ապամոնտաժման և տեղում այլ ծրագիր իրականացնելու որոշումը, Անահիտ Եսայանը պատասխանեց. «Ինչքան գիտեմ այնտեղ սեփականատերեր են փոխվել: Տարիներ առաջ, երբ քաղաքապետարանում կիսակառույցների համատեքստում անդրադարձ էինք անում այս շենքին, այն ժամանակ այլ մարդ էր, հետո փոխվեց: Հիմա ես կարող եմ ասել, որ լիբանանցի ներդրողի միջոցներով են իրականացվելու, ավելի մանրամասն տեղեկություն, կարծում եմ, որոշ ժամանակ հետո կկարողանամ Ձեզ տրամադրել»: