Մենք ուզում ենք արտահերթ ընտրություններն արագ անցկացնել, սակայն ստիպված ենք կոնսեսուսի գալ մյուս ուժերի հետ. Ռ. Ռուբինյանը՝ ընտրությունների ժամկետի տեսականորեն հետաձգման մասին
Մենք ուզում ենք և հաստատակամ ենք արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցում, սակայն հաշվի առնելով քաղաքական իրողությունները, մենք ստիպված ենք լինելու փորձել կոնսեսուսի գալ մյուս քաղաքական ուժերի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունները նախանշված 2018 թ.-ից առավելագույնը մեկ տարում անցկացնելու իրողությանը: «Եթե կոնսեսուսի չգանք, արդեն այլ իրողություններ ի հայտ կգան: Իրողություններ կլինեն, երբ կփորձենք արտահերթ ընտրությունների հասնելու այլ ճանապարհներ գտնել»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը:
- Կառավարության` նախօրեին հրապարակված ծրագրում արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը առավելագույն մեկ տարին է, սակայն նախկինում խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դրանք կարող են անցկացվել մինչև այս տարվա վերջ: Ինչո՞վ եք պայմանավորում ժամկետների երկարաձգումը:
- Ժամկետի երկարաձգում չկա: Քանի որ արտահերթ ընտրությունների անցկացումը կախված է նաև քաղաքական ուժերի միջև հիպոթետիկ պայմանավորվածության և կոնսեսուսի հասնելու կամ չհասնելու, և դրանցից բխող գործընթացների հետ, ընդամենը նշվում է առավելագույն ժամկետ: Բայց երբ ասում ենք, որ առավելագույնը մեկ տարում, դա չի նշանակում, որ ընտրությունները չեն կարող լինել մի քանի ամսում:
- Ավելի հավանական է, որ այս տարվա ընթացքում կանցկացվե՞ն արտահերթ ընտրությունները, թե՞ 2019 թ.-ին:
- Մեր նպատակն է հնարավորինս արագ կազմակերպել արտահերթ ընտրություններ, սակայն ապահովելով անհրաժեշտ փոփոխությունների իրագործումը՝ ներառյալ Ընտրական օրենսգիրքը և այլ փոփոխություններ:
- Այժմ առավելագույնը մեկ տարի եք նշում, բայց ծրագրի հրապարակումից առաջ 2018 թ.-ի ընթացքում էիք ասել: Կարո՞ղ ենք ասել, որ սա կապված է այլ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ համաձայնությունը ձգձգվելու, դժվար ձեռքբերվելու հետ:
- Այն, որ որոշ ուժեր խնդիր են ունենալու դրա հետ, դա նորություն չէ: Մենք բազմիցս տեսել ենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ ասել են, որ հիմա արտահերթ ընտրությունների կարիք չկա: Այսինքն՝ տրամաբանությունը հետևյալն է, որ մենք ուզում ենք և հաստատակամ ենք արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցում, սակայն հաշվի առնելով քաղաքական իրողությունները, մենք ստիպված ենք լինելու փորձել կոնսեսուսի գալ մյուս քաղաքական ուժերի հետ: Եթե կոնսեսուսի չգանք, արդեն այլ իրողություններ ի հայտ կգան:
- Ի՞նչ իրողությունների մասին է խոսքը:
- Իրողություններ կլինեն, երբ կփորձենք արտահերթ ընտրությունների հասնելու այլ ճանապարհներ գտնել:
- Որո՞նք են այլ ճանապարհները՝ հանրաքվե՞ն, ժողովրդի ճնշման միջոցո՞վ արտահերթ ընտրությունների հասնելը:
- Քանի դեռ մենք իմ ասած առաջին տարբերակի ընթացքում ենք, չէի ուզի խոսել մյուս տարբերակների մասին:










