Իրանը կարող է դուրս գալ միջուկային համաձայնագրից առաջիկա շաբաթների ընթացքում
Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է դուրս գալ միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, հայտնում է Tasnim գործակալությունը:
«Իրանն այլևս չի սպասի, և լիովին հնարավոր է, որ Իրանը դուրս գա Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից առաջիկա շաբաթների ընթացքում»,- հայտարարել է Արաքչին:
«Ես չեմ կարող ասել, որ Եվրոպայի հետ բանակցությունների շարունակման հեռանկարը պարզ է և մեզ կարող է բերել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պահպանման վերաբերյալ ընդհանուր որոշման: Մենք դեռևս սպասում ենք, և հուսով ենք, որ Եվրոպայի առաջարկն ընդունելի կլինի Իրանի համար, որպեսզի Իրանը դուրս չգա»,- հավելել է նա:
Արաքչիի խոսքով՝ Եվրոպան պետք է աշխատի իրանցիներին համաձայնագրի պահպանմանն իրենց հանձնառության մասին համոզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո:










