Ամուլսարում թթվային դրենաժի հետևանքով կարող են առաջանալ բնապահպանական ռիսկեր, որոնք կարող են հավերժ տևել. փորձագետներ
Հինգշաբթի օրը հանքարդյունաբերության արտահանման գծով միջազգային փորձագետներ դոկտոր Էնն Մաեստը և դոկտոր Անդրե Սոբոլևսկին այցելել են Ամուլսար, հանդիպել հանքի շահագործվող «Լիդիան Ինթերնեյշնլի» ղեկավարության հետ և հայտնաբերել, որ ընկերությունը միանգամայն այլ գործողություններ է կատարելու, քան նկարագրված է «Բնապահպանական ազդեցություն» կոչվող փաստաթղթում:
Հայաստանից մեկնելուց առաջ հրավիրված մամուլի ասուլիսում դոկտոր Էնն Մաեսթը հայտարարեց. «Մենք համարում ենք, որ այս փոփոխությունները պետք է ներկայացվեն Հայաստանի կառավարությանը, ուսումնասիրվեն, և նոր շարունակվի ծրագրի արդյունահանման մասը: Իսկ այն, որ իրենք թթվային դրենաժի վերագնահատում են իրականացնել, կարծում եմ՝ մասնակիորեն դա պայմանավորված է եղել մեր գնահատումներով»,-ասաց Էնն Մաեսթը:
Նա նշեց, որ «Լիդիանի» նոր մոտեցումներն էլ ոլորտում ընդունված, ոլորտում փորձարկված մոտեցումներ չեն և չեն համապատասխանում միջազգային պրակտիկային, այն դեպքում, երբ իր խոսքով՝ նրանք ընդունել են «թթվային դրենաժի» ներուժը, այն է, որ Ամուլսարում չկա թթու կլանող ու արտադրող ապարների միջև հավասարակշռություն, շատ ավելի շատ են թթու արտադրող ապարները, այդ իսկ պատճառով դատարկ ապարների թափոնակույտը, հանքաքարը և հանքախոռոչն ունեն թթու արտադրելու հատկություն:
Ռիսկերը, որոնք տեսնում են գիտնականները, նրանց ձևակերպմամբ՝ կարող են տևել հավերժ, քանի որ առաջանալու են թունավոր թափոններ։ Թափոններն էլ առաջացնում են գործընթաց, որը կոչվում թթվային դրենաժ, որը կարող է ազդել ջրային համակարգի, դրա մեջ բնակվող կենսաբազմազանության վրա:
Նշենք, որ այս գիտնականները մի քանի անգամ արդեն իսկ հնչեցրել են իրենց մտահոգությունները. «Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը թերհաշվարկել է բնական միջավայրի, մասնավորապես՝ ջրերի վրա ազդեցությունը և իրականում ինչ իրատեսական վտանգներ կան, ու ինչ մեծ ծախսեր է ենթադրում հանքի հնարավոր շահագործումը միայն ջրերի մասով։ Մենք վիճարկում ենք ոչ թե բուն տվյալները, այլ տվյալների հիման վրա արդյունքների մասին Լիդիանի մեկնաբանությունները»,- շեշտել էին գիտնականները:
Որպես գիտնականներ՝ փորձագետներն ընդգծում են հանքավայրի երկրաքիմիական բնութագրիչների ու ապարների նմուշների փորձարկումների ճշգրիտ լինելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի իրատեսորեն կանխատեսել վտանգները:
«Մենք շարունակում ենք ունենալ մտահոգություն, որ Ամուլսարի ապարների մեծ մասը արտադրելու է թթվային դրենաժ , սակայն «Լիդիանը պլանավորում է քիմիական նյութեր ավելացնել»,-նշեց գիտնականը:
Բանախոսները նաև նշեցին, որ երբ իրենք սկզբնական շրջանում հարցուպատասխանի մեջ էին ընկերության ներկայացուցիչների հետ, ընդհանրապես խոսք չի եղել թթվային դրենաժի մասին:
Նաև, նրանց խոսքով, մտահոգիչ է, որ ընկերությունը չունի նախկինում հանքարդյունաբերության ոլորտում շահագործման փորձ:










