Իրանն այլ ուղիներ կգտնի ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար. նավթի հարցերով նախարար  

15:48 • 23.06.18

 

Իրանի առևտրային գործընկերները դժվար թե հասնեն նրան, որ ԱՄՆ-ից Թեհրանի հետ համագործակցությունը շարունակելու թույլտվության ստանան, բայց Իրանն աշխատում է պատժամիջոցները շրջանցելու այլ ուղիներ գտնելու ուղղությամբ:

Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի հարցերով նախարար Բիջան Նամդար Զանգանեն Bloomberg TV-ին տված հարցազրույցում:

«Ես չեմ կարծում, որ նրանք կարող են ազատվել Միացյալ Նահանգների պատժամիջոցներից: Մենք պատրաստվում ենք այլ ճանապարհներ գտնել»,- ասել է նախարարը:

Նա նաև հայտնել է, որ Իրանի նավթի հարցերով նախարարությունը պատրաստ է «վատագույն սցենարին» և երկիրն աշխատում է նավթի արդյունահանումը նույն մակարդակի վրա պահպանելու համար այլ միջոցներ գտնելու ուղղությամբ:

Իրանի նավթի հարցերով նախարարը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործում է ազատ շուկայի դեմ: