Ղազախստանի ոստիկանությունը տասնյակ մարդկանց է ձերբակալել Ալմաթիում և Աստանայում (լուսանկարներ)
Ալմաթիի կենտրոնում տասնյակ մարդիկ են ձերբակալվել, հայտնում է azattyq.org-ը՝ նշելով, որ ձերբակալվածները ոչ մի կարգախոս չէին վանկարկում և պահանջներ չէին առաջադրում: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Ալմաթիի կենտրոնական հատվածում բազմաթիվ ոստիկաններ են գտնվում, այդ թվում հատուկ նշանակության ջոկատի մարտիկներ:
Աստանայում նույնպես ձերբակալություններ են տեղի ունենում: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ձերբակալվել է մեկ տասնյակից ավելի մարդ: Նրանք նույնպես որևէ կարգախոսներ չէին վանկարկում:
Աստանայի Սարյարկայի շրջանի դատախազության ներկայացուցիչը դիմել է քաղաքի ակիմատի դիմաց գտնող հրապարակի մոտակայքում հավաքված մարդկանց և հայտարարել է, որ ակցիան արտոնաված չէ և պահանջել է նրանց հեռանալ: Մարդիկ հայտնել են, որ իրենք որևէ հանրահավաք չեն անցկացնում:
Ավելի վաղ Ղազախստանում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժումը սոցիալական ցանցերով և մեսենջերներով կոչ է արել իր աջակիցներին հունիսի 23-ին դուրս գալ հանրահավաքի երկրում «անվճար կրթության» համար: Շարժման հիմնադիրը 2009 թվականից արտասահմանում բնակվող նախկին գործարար Մուխտար Աբլյազովն է:




















