Իտալիան իր միգրացիոն ծրագիրն է առաջարկել ներգաղթյալների հարցով արտահերթ հանդիպմանը
Եվրամիության 16 երկրի և կառավարությունների ղեկավարները հունիսի 24-ին մասնակցել են Բրյուսելում փախստակաների հարցով արտահերթ հանդիպմանը, որը կայացել է ԵՄ հերթական գագաթնաժողովին ընդառաջ:
Ինչպես հայտնում է DW.com-ը, Իտալիան ԵՄ առաջնորդներին ներկայացրել է իր մշակած «Եվրոպական բազմամակարդակ ռազմավարությունը միգրացիոն հարցերով», որը 10 կետ է ներառում, որոնք ուղղված են ներգաղթյալների հոսքի կարգավորմանը:
Այսպիսով, Հռոմը պնդում է, որ Եվրոպական Միության յուրաքանչյուր երկրի համար քվոտաներ սահմանվեն ներգաղթյալների համար: Եթե երկրները հրաժարվեն ընդունել նրանց, ԵՄ բյուջեից հատկացվող նպատակային ֆինանսավորումը պետք է կրճատվի:
Բացի այդ, Իտալիան անհրաժեշտ է համարում հետ քաշվել փախստականների վերաբաշխման մասին Դուբլինյան համաձայնագրի սկզբունքներից:
Հռոմը նպատակահարմար է համարում նաև այն, որ փախստականների ընդունման հատուկ կենտրոնները տեղակայվեն ոչ միայն Իտալիայում և Իսպանիայում, այլև ԵՄ մյուս երկրներում:
Նշենք, որ ԵՄ գագաթնաժողովն անցկացվելու է հունիսի 28-29-ը:










