Եթե Հայաստանը լավացնի հարաբերություններն արևմտյան կառույցների հետ՝ դա կարող է դուր չգալ Վլադիմիր Պուտինին. Արմեն Բադալյան

20:07 • 25.06.18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք առաջիկա այցն էական փոփոխության չի հանգեցնի պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական օրակարգում: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Վարչապետն իշխանության գալուց հետո հայտարարել էր, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն չի լինի: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրականացնում է այն նույն քաղաքականությունը, ինչ իրականացնում էր Սերժ Սարգսյանը»,- հիշեցրեց Ա. Բադալյանը:

Քաղտեխնոլոգն ասաց, որ որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Հայաստանը շարունակելու է քվեարկել միջազգային հարթակներում շրջանառության մեջ դրված Ռուսաստանի շահերից բխող բանաձևերի օգտին, դեմ քվեարկել բոլոր այն բանաձևերին, որոնք ոտնահարում են պաշտոնական Մոսկվայի շահերը:

«Արտաքին քաղաքականության ոլորտում ներկա և նախկին իշխանությունների վարած քաղաքականությունների մեջ որևէ տարբերություն չկա: Սրանից կարելի է եզրակացնել, որ Բրյուսել կայանալիք առաջիկա այցն էական փոփոխություններ չի մտցնի Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների օրակարգում»,- նշեց Արմեն Բադալյանը:

Ըստ նրա՝ վարչապետը հավանաբար կփորձի Բրյուսելում ցույց տալ, որ Հայաստանի համար Եվրամիությունը բավական մեծ նշանակություն ունի, բայց գործնական քայլեր, որոնք ցույց կտան, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է լավ հարաբերություններ կառուցել ԵՄ, ՆԱՏՕ հետ, Բադալյանի խոսքով, չկան:

«Եթե Հայաստանը լավացնի հարաբերությունները Արևմուտքի և արևմտյան կառույցների հետ, դա կարող է դուր չգալ Վլադիմիր Պուտինին: Մենք չենք տեսնում քայլեր, որոնք հակառակի մասին կապացուցեն, որ Հայաստանն ուզում է համագործակցել ԵՄ, ՆԱՏՕ հետ: Ես գիտեմ այդ քայլերը, բայց խորհրդատվություն չեմ իրականացնելու իշխանության համար: Այդ քայլերը պետք է տեսանելի լինեն»,- հավելեց նա:

Արմեն Բադալյանը նշեց, որ Բրյուսել այցելելու փաստն ինքնին բավարար չէ՝ ցույց տալու համար, որ Երևանն ուզում է խորացնել իր հարաբերությունները Արևմուտքի հետ:

«Նախորդ իշխանություններն էլ Բրյուսել այց են կատարել, ՆԱՏՕ-ի հետ են հանդիպել, գագաթաժողովների են մասնակցել: Այցը ոչինչ չի նշանակում, ինչպես ասացի, գործնական քայլեր են պետք: Խուսափում են գործնական քայլեր իրականացնել: Ըստ այդմ, կարծում եմ, որ ներկայիս իշխանությունները և նախկին իշխանությունները ընդունում են Ռուսաստանի գերակա դիրքը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,- նշեց նա: