Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է խուլիգանության մեջ

11:42 • 25.06.18

2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Tert.am-ի հետ զրույցում Մասիսի քաղաքապետի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է խուլիգանության մեջ, սակայն առաջադրված մեղադրանքի հետ նա որևէ առնչություն չունի:

«Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով»,-ասաց Ալեքսանյանը:

Հարցին, մինչ այս մեղադրանքն առաջադրելը Դավիթ Համբարձումյանի քաղաքապետի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում էր կայացրել հսկող դատախազը, սակայն քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ այդ հարցը մնացել է օդում կախված:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով մեղադրանք էր առաջադրվել Մասիսի քաղաքապետին:  Նրա  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Դատախազը բողոքարկել էր դատարանի որոշումը և միջնորդել, որ Մասիսի փոխքաղաքապետին կալանավորեն, սակայն դատարանը դատախազի միջնորդությունը ևս չէր բավարարել: