ԵԽԽՎ նոր նախագահը Լիլիան Մորի Պասկեն է

14:22 • 25.06.18

ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի՝ Լիլիան Մորի Պասկեն: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: Նա մասնավորապես գրել է.

«ԵԽԽՎ նոր նախագահը սոցիալիստների խմբի արդեն նախկին նախագահ Լիլիան Մորի Պասկեն է: Նա միակ թեկնածուն էր, ուստի քվեարկություն չի եղել: Բոլոր քաղաքական խմբերը համաձայն են եղել այս թեկնածությանը»:
 
ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն էր հայտնվել: Այնուհետև Իսպանիայի Վալենսիայից ընտրված սենատոր Պեդրո Ագրամունտը հեռացել էր ԵԽԽՎ-ից՝ նրա նկատմամբ ԵԽԽՎ Կանոնակարգի հանձնաժողովի կողմից օրեր առաջ սահմանված պատժամիջոցների արդյունքում։

Ադրբեջանական կոռուպցիայի կարկառուն ներկայացուցիչ Ագրամունտը 10 տարով զրկվել էր ԵԽԽՎ անդամի հիմնական իրավունքներից՝ ԵԽԽՎ-ն ներկայացնելու, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու, զեկուցող նշանակվելու, ընտրական գործընթացներին մասնակցելու, ԵԽ նախարարների կոմիտեին հարցեր ուղղելու իրավունքից։