Ժողովրդավարացման գործընթացը ցույց է տալիս, որ կան հստակ երաշխիքներ Հայաստանում ներդրումների պաշտպանության համար. Միքայել Մելքումյան

18:59 • 25.06.18

Հունիսի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: 

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի գործընկերներ,

Սույն թվականի մայիսի սկզբից մեր հանրապետությունում տեղի ունեցան լայնամասշտաբ փոփոխություններ: Ժողովուրդը ցույց տվեց, որ եթե ցանկանա կարող է իրականացնել փոփոխություններ: Այժմ մեր երկրում ընթանում են արմատական բարեփոխումներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Հատկապես  կցանկանայի շեշտել սոցիալ-տնտեսական իրական փոփոխությունների մասին: Դրա հիմքում էլ դրված է ազատ և արդար մրցակցային հարաբերությունների ձևավորումը:

Այժմ օբյեկտիվ նախադրյալներ կան մտածելու, որ Հայաստանի Հանրապետությունում կարող են իրականացվել խոշոր ներդրումներ, որովհետև ժողովրդավարացման գործընթացը ցույց է տալիս, որ կան հստակ երաշխիքներ այդ ներդրումների պաշտպանության համար:

Այժմ ընթացքի մեջ են հարկային և ներդրումային քաղաքականության հետ կապված մի շարք օրենքների ընդունման գործընթացը:

Մեր երկրում բարձր տեմպերով զարգանում են բարձր և ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Այս ոլորտում գրանցվում է տարեկան 20-25% աճ: Միաժամանակ սրա հիմքի վրա բարեփոխվում է կրթական համակարգը և նրա մենեջմենթը:

Հաջորդ կարևորագույն ոլորտը դա գյուղատնտեսությունն է: Լուծվում են դրանց սերտիֆիկացման և ստանդարտացման հարցերը:

Այս տարի Հայաստան կժամանեն ֆանտաստիկ մեծ թվով զբոսաշրջիկներ: Այո՛, Հայաստանը հետաքրքիր և ինքնատիպ երկիր է  և առաջին հերթին իր ժողովրդի ինտելեկտով և հյուրասիրությամբ:

Հարգելի գործընկերներ,

Սույն թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի  համաշխարհային գագաթաժողովը: Սա շատ կարևոր միջոցառում է:

Մենք  պատրաստ ենք բարձր մակարդակով ընդունելու մեր հյուրերին և ոչ միայն այդ առիթով:

Հայաստանը բաց տնտեսություն ունեցող երկիր է:

Բոլոր ներդրողներին և հայ ժողովրդի բարեկամներին հրավիրում եմ մեր երկիր:

Այսօր մեր երկիրը ջանքեր է գործադրում զարգացնելու արտադրության և ծառայությունների այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ռազմաարդյունաբերական համալիրը, դեղագործությունը, գյուղատնտեսությունը բարձր տեխնոլոգիաները՝ հիմնված տնտեսության և հանրային հատվածի թվայնացման, արհեստական ինտելեկտի կիրառման, բարձրակարգ ֆինանսական և բանկային միջնորդությունների վրա:

Միաժամանակ գերարդիական է մնում լոգիստիկ, ժամանակակից համակարգի առկայությունը և այլընտրանքային տրանսպորտային ուղիների կառուցումը:

Եվ վերջապես ՀՀ ողնաշարը էներգետիկան է, և մենք իրականացնում ենք հյուսիս-հարավ կարևորագույն էներգետիկ միջանցքի կառուցումը, որը թույլ կտա մեզ միանալու էներգետիկ արտաքին ցանցերին:

Բայց, իհարկե մեզ սպասում է ծանր, բայց նաև արդյունավետ աշխատանք»: