Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով ակցիան դադարեցվեց. Երևանի քաղաքապետարանի մուտքերը բաց են (թարմացված, տեսանյութ)
12:50
Երևանի քաղաքապետարանի առջև ակցիան դադարեցվեց, քաղաքապետարանի բոլոր մուտքերը բաց են: Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները, որոնք գլխավոր մուտքի մոտ էին հավաքված, հեռացան՝ հայտարարելով, որ այսօր ակցիան ավարտվում է, և, հնարավոր է, վաղը նույնպես հավաքվեն:
Մյուս մուտքերի մոտ հավաքված քաղաքացիները ևս հայտարարեցին, որ ակցիան դադարեցնում են: Բողոքի ակցիայի մասնակիցներից Միքայել Նազարյանն ասաց, որ Արեն Մկրտչյանի կողմից, ով հրապարկված տեսանյութի հեղինակներից է, հայտարարություն է եղել, որ նյութը կցվել է Երևան հիմնադրամի դեմ ներկայացված քրեական գործին: Նա նշել է, որ իրապահները զբաղվում են տեսանյութի քննությամբ:
«Այսինքն՝ քաղաքացիներն իրենց գործուենությունն իրականացրել են, և մնացել է իրապահները կատարեն իրենց աշխատանքը»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց պահանջներից գլխավորը իրականացվել է:
Իսկ այն մասին, որ հրաժարականի պահանջը չի իրականացվել, նա պարզաբանեց, որ իրենց խնդիրը քրեական գործի հարուցումն է: Ըստ նրա՝ եթե Տարոն Մարգարյանը պատասխանատվություն կրի իր կատարած հափշտակություների համար, արդեն մեխանիկորեն նաև հրաժարական կտա:
Ի դեպ, Երևանի պատմության թանգարանի մուտքը արդեն բաց է: Թանգարանից պարզաբանեցին, թե ինչու է մուտքի դուռը փակ եղել մի քանի ժամ առաջ: Ըստ պարզաբանման՝ երկուշաբթի օրերը թանգարաններում սովորաբար լինում են սանիտարական օրեր: Քաղաքապետարանի թանգարանում կիրակի օրն է լինում, բայց քանի որ երեկ շատ զբոսաշրջիկներ են եղել, այսօր են անում:
Թեև ակցիայի մասնակիցների համար պարզաբանումը համոզիչ չէր, բայց նրանք հայտարարեցին, որ դադարեցնում են:
11։33
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ևս եկել է Երևանի քաղաքապետարանի մոտ միացել ակցիայի մասնակիցներին: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է ընդամենը տեղյակ լինելու, թե ինչ է կատարվում այստեղ:
Հովիկ Աղազարյանն ասաց, որ զերծ կմնա Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին տեսանյութի վերաբերյալ իրավական գնահատական տալուց, բայց կտա քաղաքական գնահատական: «Ճիշտ կլիներ, որ Տարոն Մարգարյանը հրաժարական տար: Նրա քաղաքական թիմը իշխանության չէ և նա որպես այդ քաղաքական թիմի ներկայացուցիչ պետք է զիջի իր դիրքերը»,-ասաց նա:
Հարցին, թե հրապարկված տեսանյութում իր համար բացահայտումներ կային, պատգամավորն ասաց, որ շատ հարցեր կան, որ իր և շատ քաղաքացիների համար նորություն չեն, և հենց դա էլ պատճառ հանդիսացավ հեղափոխություն իրականացնելու:
11:24
Ակցիայի մասնակիցներից մի քանիսը փորձեցին մուտք գործել Երևան քաղաքի պատմության թանգարան, սակայն նրանց առջև մուտքի դուռը փակ էր: Քաղաքացիները մատնացույց արեցին դռան ցուցանակը, ըստ որի՝ այդ ժամին պետք է, որ թանգարանի մուտքը բաց լիներ:
Մասնակիցները պնդում են, թե իրենք հետաքրքրված են թանգարանի ցուցանմուշներով և մատնացույց անում, որ ներսում աշխատողներ կան, սակայն չեն բացում դուռը:
Մի փոքր ուշ թանգարանից մի աշխատակցուհի մոտեցավ փակ դռանը և հասկացրեց, որ չեն կարող ներս թույլ տալ: Իսկ պատճառաբանությունը, լսելի չէր:
11:16
Երևանի քաղաքապետարանի առաջ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին է միացել նաև Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Tert.am-ի հետ զրույցում Փոստանջյանը նշեց, որ երեկ հրապարակված տեսանյութն իր համար անակնկալ չէր: «Անձը, որը տարիներ շարունակ եղել է պետական պաշտոնյա, ստացել է ուղղակի աշխատավարձ, չէր կարող ձեռք բերել այսքան կարողություն, սա խոսում է ապօրինի հարստացման մասին: Նման դեպքերը Հայաստանում բազմաթիվ են, և այս դեպքերը՝ որպես հանցագործություն, պետք է արձագանք ստանան իրավապահ մարմինների կողմից, մինչդեռ նման մեղադրայլներ չունենք»,-ասաց նա:
Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ «Երևան հիմնդրամի» միջոցով է հիմնականում գումարների յուրացումները կատարվել: «Երևան հիմնադրամն այն լվացքատուն է, որտեղ լվանում են քաղաքացիներից փոխանցված գումարները»,-ասաց նա:
11:11
Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքը շարունակվում է փակ մնալ: Բողոքի ակցիայի մասնակիցներից Միքայել Նազարյանը տեղեկացրեց, որ իրենք իրավապահներին են դիմել, որպեսզի Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին երեկ հրապարակված տեսանյութը դառնա իրավական հետաքննության առարկա:
Ըստ նրա՝ հետաքննությունում կան ակնհայտ քրեական հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ և դրանով պետք է իրավապահները զբաղվեն:
Միքայել Նազարյանը նաև նշեց, որ իրավապահներին տեղյակ են պահել իրենց անհնազանդության գործողությունների վերաբերյալ:
Նա նաև հավելեց, որ ակցիան ինքնաբուխ է և Նիկոլ Փաշինյանից չեն ակնկալում, որ նա կհորդորի Տարոն Մարգարյանին հրաժարական տալ:
10:30
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը և սպասում են Տարոն Մարգարյանին՝ նրա հրաժարականի պահանջով:
Այս պահին փակ է քաղաքապետարանի կենտրոնական մուտքը:
Տարոն Մարգարյանի հրաժարականի և ավագանու կազմը ցրելու պահանջով ցույցեր տեղի էին ունեցել նաև ավելի վաղ:
Այդ ժամանակ ցուցարարները մատնանշում էին քաղաքային բազմաթիվ խնդիրներ՝ հիմնականում կապված բյուջեի անարդյունավետ ծախսերի, տրանսպորտի վիճակի, ապօրինի շինարարության հետ կապված:
Ցուցարարների զայրույթի հիմնական պատճառը, սակայն, դարձել էր քաղաքապետարանի մոտ գտնվող այգու բարեկարգումը, ինչի շրջանակներում բազմաթիվ ծառեր էին հատվել:
Այս անգամ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը հիմնական պատճառը երեկ հրապարակված տեսանյութն է՝ նրա ունեցվածքի մասին:










