Ֆրանսուհին երեկոյան վազքի ժամանակ պատահաբար հատել է ԱՄՆ սահմանը և հայտնվել բանտում

15:05 • 25.06.18

Ֆրանսուհի զբոսաշրջիկը երեկոյան վազքի ընթացքում պատահաբար հատել է Կանադայի և ԱՄՆ-ի միջև սահմանը և հայտնվել բանտում, հաղորդում է The Independent-ը:

Ամերիկացի սահմանապահները ձերբակալել են Սեդելա Ռոմանին Ուայթ Ռոք քաղաքի շրջակայքում՝ Վանկուվերի մոտակայքում՝ Միացյալ Նահանգների սահմանն ապօրինի հատելու համար: Փաստաթղթեր չունենալու պատճառով ֆրանսուհին ստիպված է եղել երկու շաբաթ կալանավորված մնալ, մինչև կանադական կողմը հաստատել է երկրում նրա գտնվելու օրինականությունը:

Աղջկա խոսքով՝ այնտեղ, որտեղ նա սպորտով է զբաղվել, ոչ մի նշան չի եղել, որ մոտակայքում սահման է: Նա լուսանկար է ցանկացել անել, երբ նրան են մոտեցել սահմանապահները:

«Նրանք ինձ ասում էին, որ ես անօրինական կերպով հատել եմ սահմանը, ես փորձում էի նրանց բացատրել, որ դա հատուկ չեմ արել»,- ասել է աղջիկը:

Նրան սպառնացել են երկիր մուտք գործելու հինգ տարվա արգելքով և հայտնել, որ չեն կարող նրան ազատ թողնել, քանի որ նա հայտնվել է տեսահսկման համակարգերում: Ռոմանն ուղարկվել է ձերբակալության վայրից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տակոմա քաղաքի քննչական մեկուսարան:

Այն բանից հետո, երբ նրա մայրը Տակոմա է բերել դստեր փաստաթղթերը և Կանադայում գտնվելու թույլտվությունը, միգրացիոն ծառայության աշխատակիցներին երկու շաբաթ է պահանջվել դրանց իսկությունը հաստատելու համար: