ԵՄ-ում ներգաղթյալների պատճառով քաղաքական ճգնաժամ է. Մակրոն

10:41 • 25.06.18

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայում քաղաքական ճգնաժամ է ներգաղթի պատճառով, գրում է korrespondent.net-ը:

«Դրա կարգավորման համար հարկավոր են հստակ գաղափարներ: Մենք ԵՄ-ում ունենք արժեքներ, և ամեն անգամ, երբ մենք դավաճանում ենք դրանց, ամենավատ բանն ենք անում: Արժեքները մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է, այլ պետություններին հարգելը և համերաշխությունը, որը մեզ միավորում է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը լրագրողներին:

Նա հավելել է, որ ամենաօպտիմալ լուծումը կձևավորվի ԵՄ երկրների համագործակցությամբ, որոնք պետք է հավասարապես կիսեն բեռը:

«Այդ հարցի վերաբերյալ Ֆրանսիան ոչ մեկի դասերի կարիքը չունի: Մենք այս տարի փախստականների ընդունման թվով երկրորդ երկիրն ենք»,- ընդգծել է Մակրոնը:

Ավելի վաղ Մակրոնն առաջարկել է ֆինանսական պատժամիջոցներ սահմանել այն պետությունների դեմ, որոնք հրաժարվում են փախստականներ ընդունել: