Կրակոցներ ու դանակահարություն երևանյան գիշերային ակումբում. Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել

10:59 • 25.06.18

Հունիսի 23-ին, ժամը 7.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1984 թվականին ծնված Հ․ Վարդանյանը և 1991 թվականին ծնված Յ․ Փուրթոյանը։

Բժշկական կենտրոն մեկնեց օպերատիվ խումբը։ Ըստ բժշկի տեղեկանքի` Հ.Վարդանյանը և Յ.Փուրթոյանն ի վիճակի չէին բացատրություն տալու: 

Ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը, ժամը 6.00-ից 6.30-ն ընկած ժամանակահատվածում, Բագրևանդի փողոցում գտնվող գիշերային ակումբի մոտ ծագած վիճաբանության ժամանակ 1993 թվականին ծնված Գ․ Գալստյանը իր մոտ եղած «ԲՌՈւՆՈ» տիպի, 9 մմ տ/չ ատրճանակով կրակոցներ է արձակել, իսկ 1989 թվականին ծնված Մ․ Դեմուրչյանը կտրող-ծակող գործիքով հարվածել է Հ.Վարդանյանին և Յ.Փուրթոյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: 

Նույն օրը առավոտյան, գիշերային ակումբի մոտից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով Գ.Գալստյանը բերման է ենթարկվել, իսկ Մ. Դեմուրչյանը՝ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ժամը 20։30-ին, ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Ատրճանակն առգրավվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: 

Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: 
Կատարվում է նախաքննություն: