Մեքենա վարելու իրավունք ստացած Սաուդյան Արաբիայի բնակչուհիները սկսել են տաքսի ծառայություններում աշխատել (լուսանկարներ)
Սաուդյան Արաբիայի բնակչուհիները, որոնք կիրակի օրվանից մեքենա վարելու իրավունք են ստացել, արդեն սկսել են աշխատել տաքսի ծառայություններում, հայտնում է ТАСС գործակալությունը:
Թագավորության կանանց համար տաքսի ծառայություն են տրամադրում Uber և Careem առցանց ծառայությունները՝ երկրի երեք խոշոր քաղաքներում՝ Էր Ռիադում, Ջիդդայում և Դամամում:
Կանայք, որոնց դեռ չի հաջողվել սեփական ավտոմեքենան ունենալ, կիրակի կեսգիշերից սկսած կարողացել են հատուկ ծառայությունից օգտվել՝ կին վարորդ պատվիրել:
Կիրակի հազարավոր սաուդյան ավտոսիրահար կանայք առաջին անգամ սեփական ավտոմեքենաներով զանգվածային ավտոերթեր են իրականացրել գիշերային փողոցներով:
Հիշեցնենք, որ մինչ այդ, Սաուդյան Արաբիայում արգելվում էր կանանց ավտոմեքենա վարել: Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդն անցած տարվա սեպտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել, որով կանայք իրավունք են ստացել տղամարդկանց հետ հավասար վարորդական իրավունք ստանալ:



















