ՊԲ հրամանատարի նախազգուշացումն առ այն, թե խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելու դեպքում հակառակորդի համար հետևանքները ծանր են լինելու, միանգամայն իրականանալի է. Դ. Ջամալյան

20:24 • 26.06.18

 

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի հետ հարցազրույցի կարիքը կար։

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց՝ այն տեղին էր, քանի որ հանրությունը կարիք ուներ լսելու պրոֆեսիոնալ զինվորականի վստահ խոսքը։

«Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը ոչ թե հանրությանը հանիրավի հանգստացնելու մասին է, ինչը վտանգավոր է, այլ իրավիճակի վերահսկելի լինելը փաստարկված ներկայացնելու մասին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Hetq.am կայքին տված հարցազրույցում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը խոսել է սահմանին առկա իրադրության, ադրբեջանական կողմում տեղի ունեցող զորավարժությունների, հնարավոր հարձակման սպառնալիքի մասին:

Ըստ Դավիթ Ջամալյանի՝ առանց պատրանքների տրվելու պետք է գիտակցենք, որ այս իրավիճակը տևական է լինելու։

«Հակառակորդն իր ուժերը, ըստ ամենայնի, սահմանից հետ չի քաշի, ավելին՝ կշարունակի հետևողականորեն ավելացնել դրանք։ Ադրբեջանական մտահղացումը հասկանալի է՝ առաջնագծին հնարավորինս մոտ՝ իրենց մոտակա խորքում, ձևավորել հարվածային խմբավորում։ Որքան էլ որ առաջին հայացքից տարօրինակ թվա, այդպես է արվում հարվածի առավելագույն հանկարծակիություն ապահովելու, հարված հասցնելու դեպքում ժամանակ շահելու համար։ Այսինքն՝ հարված հասցնելու անհրաժեշտ ուժերը բերվում են սահմանի մոտ ակնհայտորեն, հարցերի հարցն այս դեպքում այն է, թե երբ այդ ուժերը կհասցնեն հարվածը։ Հակառակորդի այս մտահղացումը «հարվածել – վերցնել– հնարավոր հրադադար խնդրել» սցենարի մասն է»,- ասաց նա։

Ռազմական փորձագետի խոսքով՝ Բաքվում գիտակցում են, որ իրենց զինված ուժերի մարտունակությունը թույլ չի տալիս մեկ փուլով օկուպացնել Արցախի տարածքը, ըստ այդմ՝ որդեգրել են «փուլային օկուպացիայի» սցենարը։

«Ըստ այդմ, նրանք այժմ զբաղված են մարտունակ հերթապահ ուժեր ձևավորելով՝ որոնց վերապահված է լինելու հասցնել առաջին, հիմնական հարվածը։

Հակառակորդի այս մտահղացումն ունի նաև խոցելի կողմեր։ Նախ՝ բնականաբար այս ամենը մեր զինվորականությունը գիտի․ գիտի, որ հակառակորդը կարող է ամեն պահի հարված հասցնել։ Այդ ներքին պատրաստակամությունը նվազագույնի է հասցնելու լայնածավալ հարձակման դեպքում մեր անձնակազմերի՝ հանկարծակիի գալու հավանականությունը, և ընդհակառակը՝ կարճ ժամանակ է պահանջվելու նրանց պաշտպանության կազմակերպման համար»- նշեց նա։

Մյուս կողմից, ըստ նրա՝ մարտավարական խորությունում կուտակված ուժերը թիրախ են հանդիսանում մերոնց համար։ Հետևաբար, նրա խոսքով, բանակի հրամանատարի նախազգուշացումն առ այն, թե խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելու դեպքում հակառակորդի համար հետևանքները ծանր են լինելու, ոչ միայն տեղին է և համարժեք ստեղծված իրավիճակին, այլև միանգամայն իրականանալի։

«Այսպիսով, կարելի է փաստել, որ Արցախի Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը։ Բանակի հրամանատարի խոսքում նկատելի է իրավիճակի սթափ գնահատականը։ Սկզբունքորեն դեմ լինելով մեր հանրությանը հանիրավի հանգստացնելու մոտեցմանը՝ պետք է հատկապես ընդգծել՝ 2016-ի ապրիլյան սցենարի՝ սահմանափակ ուժերի ու միջոցների ներգրավմամբ մարտական գործողությունների հավանականությունն առաջիկա տարիներին մեծ է լինելու։ Ընդ որում, սկզբունքորեն պետք է պատրաստ լինել նման մարտական գործողությունների ոչ միայն Արցախ – Ադրբեջան, այլև ՀՀ – Ադրբեջան սահմանին։

Նման իրավիճակում հատկապես կարևոր է դառնում Զինված ուժերի հանգուցային դիրքերում պարկեշտ և հանդուգն նախաձեռնողականությամբ աչքի ընկնող հրամանատարական կադրերի նշանակումը։ Իսկ այդպիսիք, փառք Աստծու, ունենք։ Եվ իհարկե, պետք է ազգովի պատրաստ լինել ցանկացած զարգացումների․ վայելել խաղաղ կյանքը, շենացնել երկիրը, բայց միշտ մտքում ունենալ, որ ամեն վայրկյան կարող է պետք լինի սահման մեկնել»,- ասաց նա։