Դժվար է նկատել դրական միտումներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից․քննարկում Թուրքիայում անցկացված ընտրությունների մասին

15:11 • 26.06.18

Թուրքիայի վերընտրված նախագահ Էրդողանի ղեկավարած ուժը՝ «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը, 2002 թվականից հետո առաջին անգամ չունի 50+1 տոկոս, ինչը նրան թույլ չի տալիս միանձնյա կազմել կառավարություն:

«Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը, խոսելով Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին, ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ ըստ էության կկազմավորվի կոալիցիոն կառավարություն:

«Էրդողանի, որպես նախագահի թեկնածու, ավելի շատ ստանալու փաստը պետք է բացատրել նրանով, որ այն հատվածը, որը ձայն է տվել Էրդողանին, ձայն է տվել դաշինքին, և այդ ձայները բաշխվել են՝  42 տոկոս «Արդարություն և զարգացում» կուսակցությանը և 10-11 տոկոս՝ «Ազգայնական շարժում» կուսակցությանը: Այս երկուսի ձայները Էրդողանի ստացած ձայների հետ համեմատած գրեթե նույնն են»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե որքանով է կարևոր  Հայաստանի համար հետևել Թուրքիայում տեղի ունեցող ընտրություններին, քննարկման մասնակից «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը պատասխանեց՝ նշելով, որ մեզ պետք է հետաքրքրական լինեն մեր հարևան երկրներում տեղի ունեցող զարգացումները:

«Այն, ինչ կատարվում է Թուրքիայում, մեզ համար շատ հետաքրքիր է, ոչ միայն պատմական տեսակետից, այլ նաև այն, որ հարևան է, պետք է իմանաս, թե ինչ է լինելու քեզ հետ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունից»,- ասաց նա:

Թևան Պողոսյանի խոսքով՝ պետք է ուշադիր լինել նաև Թուրքիա-Ադրբեջան տանդեմի նկատմամբ: «Երբ արդեն կառավարությունը կազմվի, միտումների մասին կարող ենք քննարկել»,- նկատեց նա:

ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանն էլ կարևորեց Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին հետևելը: Նա նշեց, որ պետք է հիշել, թե Էրդողանը ինչ է խոսել Հարավային Կովկասի վերաբերյալ: «Քարոզարշավի ժամանակ ընդամենը 1 ակնարկ է եղել Հարավային Կովկասի մասին, որտեղ ասվել է, որ շարունակելու է մասնակից լինել այստեղ հիմնախնդիրների կարգավորմանը, և Ադրդբեջանի բռնազավթված հողերի վերականգման մասին է հայտարարություն արել»,- ասաց նա՝ հավելելով, որ դժվար է նկատել դրական միտումներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից նման հռետորաբանության պարագայում:

Արսեն Խառատյանը ևս նշեց, որ երբ լինի արդեն տեղեկատվություն Թուրքիայի նոր կառավարության մասին, նոր արդեն կհստակեցվի արտաքին քաղաքականության օրակարգը:

«Այն ժամանակ կհասկանանք, թե ինչ Թուրքիայի հետ գործ ունենք կամ ունե՞նք նոր Թուրքիայի հետ գործ, թե՞ ոչ»,- ասաց նա:

Արսեն Խառատյանը նաև կարևոր համարեց Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիայի քաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքում դիտարկելը:

«Ուզում եմ Կարո Փայլանին շնորհավորել: Այս անգամ Դիարբերքիրում ընտրվեց, ինչը նշանակում է, որ քրդական հարցի առաջամարտիկներից է լինելու: Եվ բացի այն, որ ազգությամբ հայ է, նաև պետք է հասկանանք, որ Թուրքիայում հզորացող քաղաքական գործիչ է, ինչը մեզ համար շատ լավ է»,- ասաց նա՝ նկատելով, որ այդքանով հանդերձ՝ ինքը չի սպասում հեղափոխական փոփոխություններ հայ-թուրքական հարաբերություններում: