Ադրբեջանի ժողովուրդը ցավով փաստում է՝ խոհեմությունը ժառանգաբար չի փոխանցվում. Տիգրան Բալայանը՝ Ալիևի ելույթի մասին

13:24 • 26.06.18

Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «նախորդ ամիս Նախիջևանում մեծ վարպետությամբ անցկացված գործողության» մասին հայտարարությունը:

«Անագե զորքերի գլխավոր գերագույն հրամանատարն ամենաժամանակակից զենքով գրոհում է բոլոր հնարավոր բարձունքները, ինչպես նաև փոստը, հեռագիրը և այլն: Ադրբեջանի ժողովուրդը ցավով փաստում է՝ խոհեմությունը ժառանգաբար չի փոխանցվում»,- գրել է Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում՝ արձագանքելով Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Ալիևի ելույթին:

Տիգրան Բալայանը նաև կիսվել է ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած «Նախիջևանում անցկացված գործողության» և «ադրբեջանական բանակի կարողությունների մասին» Ալիևի ելույթի հատվածներով:

Հիշեցնենք, որ Բաքվում այսօր Ադրբեջանի զինված ուժերի 100-ամյակի կապակցությամբ զորահանդես է անցկացվել։ Զորահանդեսին առաջին անգամ ցուցադրվել են վերջերս ադրբեջանական բանակի կողմից ձեռքբերված ամերիկյան Bell-412 ուղղաթիռները: Թռիչքներ են իրականացրել Ми-24, Ми-24G ուղղաթիռները, հարվածային Ми-35M, ռազմատրանսպորտային Ми-17, Ка-32, МИГ-29, Су-25 կործանիչներ, ինչպես նաև ուսումնա-մարտական L-39 ինքնաթիռներ: Ցուցադրվել են նաև Բելառուսից ձեռքբերված «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչպես նաև իսրայելական արտադրության Lora օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները: