Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ այսօր նախատեսված քվեարկությունը չեղարկվել է
Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեքշաբթի նախատեսված քվեարկությունը չեղարկվել է՝ կառավարության դիմադրության պատճառով: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով նախաձեռնության հեղինակին:
Անցած ամիս Քնեսետը հավանության էր արժանացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին քննարկում և քվեարկություն անցկացնելու մասին «Մերեց» կուսակցության պատգամավոր Թամար Զանդբերգի հեղինակած առաջարկը:
Ավելի վաղ Զանդբերգը համաձայնել էր հետաձգել քվեարկությունը և անցկացնել այն Թուրքիայում նախագահական ընտրություններից հետո՝ փորձելով երաշխավորել իր նախագծի նկատմամբ իշխող կոալիցիայի աջակցությունը: Երկուշաբթի պարզ է դարձել, որ կոալիցիան դեռևս դեմ է Զանդբերգի նախաձեռնությանը:
«Չնայած խոստումներին և հետաձգումներին և չնայած նրան, որ Թուրքիայի ընտրությունները կայացան՝ կառավարությունը և կոալիցիան հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-հայտնել է Զանդբերգը Twitter-ի իր էջում:
«Այդ պատճառով ես ստիպված եմ չեղարկել քվեարկությունը»,- ասել է նա:
Իսրայելի արտգործնախարարությունն ավելի վաղ խորհուրդ էր տվել հետաձգել նախագծի վերաբերյալ քվեարկությունը՝ մտահոգությունների պատճառով, որ այն կարող է օգուտ լինել Ռեջեփ Թայիփ Էրդողանին հունիսի 24-ի ընտրություններից առաջ: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ընդունել էր արտգործնախարարության առաջարկը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց առաջ սպասել մինչև Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները:
Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է քննարկեր հունիսի 26-ին:










