Մակեդոնիայի նախագահը հրաժարվել է ստորագրել երկրի անվանափոխության մասին համաձայնագիրը
Մակեդոնիայի նախագահ Գյորգե Իվանովը հրաժարվել է ստորագրել երկրի անվանափոխության մասին համաձայնագիրը՝ ասելով, որ այն սահմանադրական հիմնավորում չունի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Իվանովի կարծիքով՝ համաձայնագիրը հակասում է երկրի սահմանադրությանը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին:
«Որպես Մակեդոնիայի նախագահ՝ ես միշտ կատարում եմ պարտականությունները՝ երկրի սահմանադրության, Մակեդոնիայի Հանրապետության օրենքներին ու շահերին համապատասխան: Ես չեմ ընդունում այն գաղափարներն ու առաջարկները, որոնք կարող են վտանգի ենթարկել մակեդոնացիների ազգային ինքնությունը, մակեդոնական ազգի և լեզվի առանձնահատկությունները», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Հունաստանն ու Մակեդոնիան համաձայնության են եկել նախկին հարավսլավական երկրի անվանափոխության հարցում։ Մակեդոնիայի անվան շուրջ վեճը երկու երկրների միջև առկա էր երկրի՝ Հարավսլավիայից անկախանալուց ի վեր։ Մակեդոնիա անվանումը Հունաստանը չի ընդունել, քանի որ այստեղ կա նույն անվամբ նահանգ, որի հանդեպ պետությունը կարող էր հավակնություններ ունենալ։Հարցի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետները՝ Ալեքսիս Ցիպրասն ու Զորան Զաևը։
Հաղորդվում էր, որ համապատասխան փաստաթղթերի ստորագրումից հետո Մակեդոնիան կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ Երկրի ազգային լեզուն կլինի մակեդոներենը, իսկ քաղաքացիները կլինեն մակեդոնացի։










