Իսպանիայում «հայկական մաֆիայի» դեմ գործողության ընթացքում 142 մարդ է ձերբակալվել

14:58 • 26.06.18

«Հայկական մաֆիայի» դեմ Իսպանիայի և Կատալոնիայի ոստիկանությունների համատեղ գործողության ընթացքում, որն իրականացվել է Կատալոնիայում և Իսպանիայի այլ շրջանների մի շարք քաղաքներում, 142 մարդ է ձերբակալվել, հայտնում է catalannews.com-ը:

Ձերբակալված անձինք կասկածվում են թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման, սպորտային խաղադրույքների հետ կապված խարդախության և Եվրոպայում իրականացված հանցագործությունների մեջ ներգրավված հանցախմբին անդամակցության համար:

Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը 73 հատուկ գործողություն է իրականացրել տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում և մոտակայքում գտնվող Բադալոնա քաղաքում:

Ձերբակալվածների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են:

Գործողությունների հանգեցրած հետաքննությունը մեկնարկել է 2016 թվականին՝ հանցավոր խմբի հայ անդամների վերահսկողության տակ գործող կազմակերպված հանցավորության մասին վկայությունները բացահայտելու նպատակով: Դատախազության հաղորդմամբ՝ նրանք պատասխանատու են եղել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հանցավոր գործողությունները վերահսկելու համար: