ՃՈ-ն դեռ տվյալներ չունի վարորդների այն խմբի պահանջարկի վերաբերյալ, որոնց մասին վարչապետն ասել էր՝ «ինչքան գոլդ ա մարդու համարը, այդքան զգույշ լինի»

21:23 • 27.06.18

Tert.am-ի հետ զրույղում ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն անդրադառնում է  վարորդների կողմից՝ երթևեկության կանոնների ու այդ թվում՝ արագությունների գերազանցման-չգերազանցման միտումներին:

-Պարոն Խաչատրյան, նախորդ նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «ինչքան գոլդ ա մարդու համարը, այդքան զգույշ ինքը պետք է լինի»: Հայտնի է, որ նման համարանիշերը նաև սարսափելի թանկ են: Հեղափոխությունից հետո, կարո՞ղ եք ասել՝  միտում կա, որ նման համարների նկատմամբ պահանջարկը նվազել է:

-Այս պահին չեմ կարող ներկայացնել այդ վիճակագրությունը: Նախ, շատ վաղ է, որպեսզի նման վիճակագրություն ներկայացվի, և հիմա ինչ էլ ներկայացնենք, չի արտացոլի այն հիմնական պատկերը, որ կա պրակտիկայում: Ընթացքում, իհարկե, նման վիճակագրություն կարվի, սակայն կարող եմ հստակ ասել, որ վարչական ներգործության միջոցներն այսօր պայմանավորված չեն տրանսպորտային միջոցի համարանիշով, այսինքն՝ բոլորը, այդ թվում նաև՝ «գոլդ» համարանիշով տրանսպորտային միջոցները իրավախախտում թույլ տալու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ճանապարհային ոստիկանությունը արձագանքելունէ երթևեկության կանոնների խախտման ցանկացած դեպքի:

-Իսկ «գոլդ» համարներով մեքենաները հիմա ավելի շա՞տ են տուգանվում:

-Ոչ, քաղաքական իրավիճակը երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման, վարչարարության  միջոցառումների հետ կապ չունի: Մենք՝ Ճանապարհային ոստիկանությունը և, առհասարակ, ոստիկանությունը, արձագանքում և արձագքելու է ցանկացված իրավախախտման փաստերին: Եվ կիրառվելու են վարչական ներգործության համապատասխան միջոցներ:  Նաև հնարավոր է, որ որոշ իրավախխոտւմների դեպքերում կիրառվեն ոչ թե տուգանքներ, այլ նախազգուշական միջոցներ, սակայն բոլոր դեպքերում բոլոր իրավախախտումների փաստերով արձագանքելու ենք:

- Նաև շատ ՀՀ քաղաքացիներ, օգտատերեր պնդում են, որ վարորդները, որոնց համար տույժերը  մոտ 13 միլիարդի չափով ներվեցին, սկսել են բավականին լկտի վարել ավոտոմեքենա՝ բարձր արագություններով՝ գիշերային ժամերին:

-Նախ, ասեմ, որ արագության մասով փոփոխություն չի եղել, արագության գերազանցման փաստերն ինչպես մայիս ամսին էին արձանագրվում, այնպես էլ՝ հիմա և համապատասխան միջոցներ կիրառվում: Ուղղակի, միայն այն բնակավայրերում, որտեղ կային արագության սահմանափակումներ, այսինքն՝արագությունը 60 կմ ժամից իջեցված էր 50-40-ի կամ ավելի, նման վայրերից արագաչափերը հանվել են, իսկ դրանից առաջ չէին կիրառվում: Սակայն դրա փոխարեն Երևանի քաղաքապետարանն առաջարկություն է արել, որպեսզի, եթե կան չկարգավորվող հետիոտնային անցումներ, ապա այդ անցումները կազմակերպեն արհեստական խոչընդոտների վրա, ինչն արդեն կստիպի, որ նշված վայրերում վարորդները  պահպանեն առավելագույն արագությունը և հնարավորություն չեն ունենա նշված վայրերում գերազանցել սահմանված արագությունը:

-Բայց Դուք նման միտում նկատո՞ւմ եք, որ սկսել են արագ քշել: Նաև այլ վարորդներ՝ տաքսիտներից մի քանսին էին ասում, որ շատ են սկսել են խախտել հոծ գծերը:

-Արագությունը միշտ են գերազանցել, այնպես չէ, որ նախկինում չեն եղել այդ արագության գերազանցումները: Եղել են ու դեռևս կան: Դեռևս չենք ուսումնասիրել՝ արդյոք ավելացել են, թե կան, սակայն, նորից եմ ասում, արագության գերազանցման փաստերը միշտ են եղել:

Ինչ վերաբերում է հոծ գծերին, նման բողոքներ մենք չեն ստացել, որ այլ երթեևեկության մասնակիցները սկսել են խախտել հոծ գծերի պահանջները: Եթե տաքսիստները բողոքում են, ապա իրավասու մարմին կա, կարող են ներկայացնել Ոստիկանություն, մենք կուսումնասիրենք: Ասեմ, որ պայմանավորված այս վերջին զարգացումներով, հասարակական այդ շարժումով, այո, եղել է մի ընթացք, երբ երթևեկության կանոնները շատ էին խախտում, և դա հասկանալի էր՝ հանրահավաքներ, ցույցեր: Օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ խախտումներ էին, և մարդիկ, հիմնականում իրենց խախտումներն անում էին հարկադրաբար, ինչի պատճառով էլ վարչական վարույթները կարճվել էին, և կալանքի մասին որոշումներ չէին կայացվել: