ԵՄ-ն պետք է ակտիվացնի իր միջնորդական ջանքերը «սառած» հակամարտությունների կարգավորման ուղղությամբ. «Եվրանեսթ»

14:03 • 27.06.18

Եվրամիությունը պետք է ակտիվացնի իր միջնորդական ջանքերը «սառած» հակամարտությունների ուղղությամբ: Այդ մասին են հայտարարել Բրյուսելում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի անդամները և Արևելյան գործընկերության երկրներից պատգամավորները, հաղորդվում է Եվրոպական խորհրդարանի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունում:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովն ընդգծում է, որ Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային առնչվող չկարգավորված հակամարտությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանի ժողովրդավարական զարգացման և անվտանգության համար:

Հաղորդագրությունում նշվում է, որ այդ հակամարտությունների մի մասը հրահրվում է Ռուսաստանի կողմից, ինչի պատճառով պատգամավորները դատապարտում են Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, որի նպատակն է «խրախուսել Ուկրաինայի և Մոլդովայի անջատողական շրջանների և Վրաստանի գրավված տարածքների դե ֆակտո իշխանություններին»:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները և Արևելյան գործընկերության երկրներից պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին ակտիվացնել միջնորդական և խաղաղաշինությանն ուղղված ջանքերը: