Ես տարիքի պատճառով չեմ կարող, բայց իմ տղաները Հայաստանում ներդրումներ կատարելու լուրջ մտադրություններ ունեն. Վալերի-Աշխեն Գործունյան

22:21 • 27.06.18

Ես արդեն տարիքով մեծ եմ և չեմ կարող նոր բիզնես գործունեություն սկսել Հայաստանում, բայց իմ տղաները Հայաստանում ներդրումներ կատարելու լուրջ մտադրություններ ունեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսահայ գործարար, Երևանի «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը, ով Հայաստանից հեռացել էր բիզնեսում ծագած խնդիրների պատճառով: «Իմ որդիները, հարազատները ոգևորված են Հայաստանի փոփոխություններից, և հնարավոր է՝ նրանք վերադառնան և ներդրումներ անեն»,- ասաց գործարարը: Վալերի-Աշխեն Գործունյանի խոսքով՝ նոր իշխանությունների գործողությունները մեծ հույսեր են տալիս սփյուռքին:

- Հայաստանում իրավիճակի փոփոխությունից հետո Հայաստանում նորից ներդրումներ կատարելու, բիզնես գործունեություն ծավալելու մտադրություն ունե՞ք:

- Ես արդեն տարիքով մեծ եմ, բայց իմ երկու տղաներն էլ ոգևորված են Հայաստանի փոփոխություններից, և հնարավոր է նրանք վերադառնան Հայաստան և նոր ներդրումներ անեն: Շատ ուրախ եմ, որ «թավշյա հեղափոխությունը» կայացավ և մեծ հույսեր ունեմ, համոզված եմ, որ պարոն Փաշինյանին կբարելավի Հայաստանի վիճակը:

- Ձեր տղաները լուրջ մտադրություններ ունե՞ն, ներդրումային ծրագրեր կա՞ն, թե՞ ուղղակի խոսակցություններ են:

- Ոգևորված են, շատ են խոսում ինձ հետ՝ գնանք Հայաստան, տեսնենք ինչպես է Հայաստանում վիճակը, ինչ կարող ենք անել, որ ոլորտում կարող ենք ներդրումներ անել: Կարող եմ ասել, որ լուրջ են նրանց մտադրությունները:

- Ձեզ հետ կատարվածից հետո Դուք խորհուրդ տալի՞ս եք նրանց Հայաստանում բիզնես գործունեություն ծավալել:

- Իրենք շատ լավ գիտեն, որ ես մեծ խնդիրներ եմ ունեցել Հայաստանում, դրա համար ասում եմ՝ ընտրություններն ինձ համար շատ կարևոր են: Նախևառաջ, տեսնենք ընտրությունների արդյունքները, համոզվենք 100 %-ով, որ ներկայիս իշխանությունները շարունակելու են պաշտոնավարել և հնարավորություն կունենան իրենց օրենքները հաստատել: Այսինքն՝ ես լավ խորհուրդ չեմ կարող տալ, որովհետև իմ բիզնեսի վերջը վատ էր Հայաստանում, և այս ամենը ինձ վրա հետք, վախ է թողել: Այն ամբողջ անարդար վիճակները, որը կային Հայաստանում, պետք է փոխվեն, նոր իշխանություններն ահռելի մեծ գործ ունեն անելու: Ես համոզված եմ, որ նրանք Հայաստանում կարող են վիճակը լավացնել, որովհետև ես կամք եմ տեսնում: Տեսնում եմ, որ նրանք լուրջ աշխատում են, որպեսզի իրական ժողովրդավարական երկիր ստեղծեն:

- Ե՞րբ են Ձեր տղաները ներդրումային դաշտը ուսումնասիրելու համար նախատեսում Հայաստան գալ՝ մի՞նչև ընտրությունները, թե՞ ընտրություններից հետո:

- Երևի մի քիչ ուշ կգան, Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո կամ այդ ընթացքում: Ես այն անձնավորությունը չեմ, որ իմ տղաներին ասեմ՝ այսպես արեք կամ այնպես արեք: Ես ուրախ կլինեմ իրենց համար, որ գան Հայաստան և այստեղ ներդրումներ անեն, ես իրենց ոչ չեմ ասի:

- Ո՞ր ոլորտում ներդրումների մասին է խոսքը, նորի՞ց ծառայությունների: Ի՞նչ են նախատեսում ձեր տղաները:

- Չգիտեմ, բայց չեմ կարծում, որ նորից սրճարան բացեն: Իրենք այդ մասնագիտությամբ չեն աշխատում: Մեկն էլեկտրաէներգիայի, մյուսը անշարժ գույքի բնագավառում է աշխատում: Նրանք արդեն 6-7 տարի է Հայաստան չեն եկել, պետք է գան, տեսնեն՝ ինչպես է Հայաստանում վիճակը փոխվել: 7 տարին բավականին մեծ ժամանակահատված է: Իմ հարազատների մեջ երիտասարդներից շատերը հույս ունեն, որ իրենք կարող են վերադառնալ Հայաստան, եթե այսպես շարունակվի և եթե ՀՀ այս ձևով շարունակվեն փոփոխությունները: Նոր իշխանությունները մեծ հույսեր են տալիս սփյուռքին, համոզված եմ, որ շատերը կվերադառնան: