Լեհաստանում չեղարկվել է Հոլոքոստի համար լեհ ժողովրդին մեղադրելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը
Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Սեյմը, փոփոխություններ է կատարել Հոլոքոստին լեհերի ներգրավվածության մասին հրապարակային մեղադրանքի դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքում, հայտնում է ТАСС գործակալությունը: Չորեքշաբթի քվեարկությանը փոփոխություններին կողմ է քվեարկել 288 պատգամավոր, 25-ը դեմ է քվեարկել, հինգը ձեռնպահ է մնացել:
Այժմ օրենքով չի նախատեսվում քրեական պատասխանատվություն: Ավելի վաղ օրենքով նախատեսվում էր պատիժ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկման տեսքով՝ Հոլոքոստին լեհ ժողովրդի կամ պետության մեղքի մասին մտքեր տարածելու համար: Իրավախախտում էր համարվում մասնավորապես «լեհական համակենտրոնացման ճամբարներ» ձևակերպման օգտագործումը:
Տարեսկզբին երկրում ընդունված այդ վիճելի դրույթներն Իսրայելի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կոնֆլիկտի պատճառ են դարձել: Լեհաստանի իշխանություններն, ի պատասխան քննադատությանը, փաստաթուղթն ուղարկել են Սահմանադրական դատարան, որը դեռ չի հրապարակել որոշումը:
Չսպասելով դատարանի որոշմանը՝ օրենքը վերափոխելու առաջարկով հանդես է եկել երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի գրասենյակը: Այդ նախաձեռնությունը շտապ ներառվել է խորհրդարանի օրակարգում և անմիջապես քննարկվել։










