Տուսկը կոչ է արել ԵՄ-ին ԱՄՆ-ի հետ հարաբերություններում պատրաստվել «վատագույն սցենարներին»
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հինգշաբթի մեկնարկող ԵՄ գագաթնաժողովից առաջ Միության անդամ երկրների առաջնորդներին հրավերի նամակ է ուղարկել, որտեղ կոչ է արել պատրաստվել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում վատագույն սցենարներին: Նամակը հրապարակվել է Եվրամիության կայքում, գրում է rbc.ru-ն:
«Չնայած Արևմուտքի միասնականության պահպանման ուղղությամբ մեր անդադար ջանքերին՝ տրանսատլանտյան հարաբերությունները հսկայական ճնշման տակ են նախագահ Թրամփի քաղաքականության պաճառով»,- գրել է Տուսկը՝ հավելելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություններն առևտրի շրջանակներից դուրս են:
«Ես կկիսվեմ ձեզ հետ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ իմ քաղաքական գնահատականով: Ես կարծում եմ, որ, հուսալով լավագույնը, մենք պետք է մեր միությունը պատրաստենք վատագույն սցենարներին»,- նախազգուշացրել է Եվրոպական խորհրդի նախագահը:
ԵՄ գագաթնաժողովը կայանալու է Բրյուսելում հունիսի 28-ից 29-ը:










