Ամերիկյան դատարանը որոշում է կայացրել դադարեցնել անօրինական ներգաղթյալներին իրենց երեխաներից բաժանելու պրակտիկան
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հարավային շրջանի դաշնային դատարանը որոշում է կայացրել, ըստ որի ԱՄՆ իշխանություններն իրավունք չունեն բաժանել անօրինական ներգաղթյալ երեխաներին իրենց ծնողներից, որոնք ձերբակալվում են երկրի պետական սահմանը հատելու ժամանակ։
Ինչպես հայտնում է CNN-ը, որոշումն արգելում է միգրացիոն ծառայությանը բաժանել երեխաներին իրենց ընտանիքներից, ինչպես նաև պարտավորեցնում է ծնողներին վերադարձնել ԱՄՆ տարածքում նրանցից բաժանված երեխաներին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ դատական հայց է ներկայացրել երկրի 17 նահանգ, ինչպես նաև Կոլումբիայի շրջանը՝ դեմ գնալով ներգաղթյալների երեխաներին ընտանիքներից բաժանելու քաղաքականությանը։
Հունիսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր հրաման, որով արգելվում է անօրինական ներգաղթյալների ընտանիքների տրոհման պրակտիկան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ շուրջ 500 երեխաներ վերամիավորվել են իրենց ծնողների հետ, որոնք ձերբակալվել էին մեքսիկա-ամերիկյան սահմանին՝ ԱՄՆ ներթափանցելու անօրինական փորձի ժամանակ։










