Թուրքական իշխանությունները հոխորտում են՝ քայքայված տնտեսության պայմաններում. Հակոբ Չաքրյան

20:35 • 28.06.18

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ ընթացող բանակցությունները վերջնականապես փակուղի են մտել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ նշելով, որ դրան վերջնականապես նպաստեց Թուրքիայի նախագահի հերթական վերընտրությունը:

Չաքրյանը նշեց, որ Եվրամիություն-Անկարա բանակցությունների տապալմանը նպաստել է նաև թուրքական իշխանության առանձնահատկություններից մեկը՝ «հոխորտալը»:

«Էրդողանը Գերմանիային քննադատում է, Հոլանդիային քննադատում է, Բելգիային քննադատում է, խախտում է դեմոկրատիայի սկզբունքները: Նրա որդեգրած քաղաքականությունն այս տարածաշրջանում չի համընկնում Եվրամիության ու ԱՄՆ որդեգրած քաղաքականության հետ: Թուրքական իշխանությունները փորձում են բարձր հոխորտալ եվրոպացիների, ամերիկացիների վրա, մտածելով, որ բարձր հեղինակություն ձեռք կբերեն, բայց դա այդպես չէ, Թուրքիան նույնիսկ Սաուդյան Արաբիայի հետ է հարաբերությունները սրել»,- ասաց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետն ասաց, որ միջազգային հարաբերություններում նույն կերպ պատասխան տալ հնարավոր չէ, դրա համար էլ պաշտոնական Անկարան իր քաղաքականության համար «անպատիժ» է մնում:

«Սպասել, որ Անգելա Մերկելն Էրդողանի նման սանձարձակություն կանի, իրատեսական չէ, վայել չէ Գերմանիայի կանցլերին: Իսկ Էրդողանն այս ամենից ոգևորվում է, առանց ամաչելու իրեն սանձարձակություններ է թույլ տալիս՝ գոտեպնդելով նաև իր ընտրազանգվածին, ով նրան համաշխարհային լիդեր է համարում»,- նշեց Հակոբ Չաքրյանը:

Փորձագետն ասաց, որ Թուրքիան փորձում է բոլորին պարտադրել իր տեսլականը, բայց նրան դա չի հաջողվում: Տարածաշրջանային երկիր դառնալու համար, Չաքրյանի խոսքով, հարևան երկրները պետք է ընդունեն քեզ որպես առաջնորդ, իսկ պաշտոնական Անկարան նման ընկալում չունի:

«Թուրքիան Սիրիայի ու Հայաստանի նկատմամբ որդեգրած դիրքորոշումների պատճառով խոչընդոտում է ԱՄՆ, ԵՄ քաղաքականությանը: Էրդողանին հանդուրժում են, որովհետև եթե չհանդուրժեն, եթե կոշտ հակազդեցություն ցուցաբերեն՝ կմղեն Թուրքիային Ռուսաստանի գիրկը: Արևմուտք-Ռուսաստան հակազդեցությունն օգնում է Թուրքիային անպատիժ դուրս գալ այս խաղից, խուսափել կոշտ հակազդեցությունից»,- նկատեց նա:

Չաքրյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին միջազգային օրակարգում Թուրքիային ՆԱՏՕ-ից հանելու հարցն է դրված, և սա պատահական չէ: «Թուրքիային այլևս վստահելի գործընկեր չեն համարում: Այս մասին պաշտոնապես հայտարարել է նաև Վաշինգտոնը: Սա ոչ այլ ինչ է, քան պատասխան քայլ»,- հավելեց թուրքագետը:

Ըստ նրա՝ Թուրքիան էլ չի այրում կամուրջները Եվրամիության հետ, Չավուշօղլուի շուրթերով Էրդողանի հայտարարություններին հակասող մտքեր են հայտնվում:

«ԵՄ-ը չի ուզում, որ Թուրքիան Եվրամիության լիարժեք անդամ դառնա: Չեն ուզում օտարել, մերժել, հատուկ կարգավիճակ են ուզում տալ, հորինել են Թուրքիայի համար, որ չհեռանա, բայց միաժամանակ սերտ հարաբերություններ ունենա ԵՄ–ի հետ: Եվրամիությունն ուզում է վերահսկողության տակ պահել Թուրքիային, դրա համար էլ ձևական բանակցությունները շարունակվում են»,- նշեց նա:

Հակոբ Չաքրյանն ասաց, որ Թուրքիայի տնտեսական վիճակը վատ է, ազգային արժույթն արժեզրկվել է, կյանքը թանկանում է, երկիրը խոշոր եղջերավոր կենդանիների արտահանողից դարձել է ներկրող: «Այն օրի են, որ անասուններին ներմուծում են, Ուրուգվայից կովեր են բերում: Մսի գները թանկ են: Տնտեսությունը քայքայված է»:

Հարցին՝ այդ դեպքում ինչպես է Էրդողանը հերթական անգամ ընտրվել ղեկավարի պաշտոնում, Հ. Չաքրյանն ասաց, որ նրա ընտրազանգվածը կայուն է, այդ մարդկանց չեն հետաքրքրում մարդու իրավունքները, ժողովրդավարությունը: