Թրամփը սպառնացել է Harley-Davidson-ին արտադրության մի մասը ԵՄ տեղափոխելու որոշման համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է Harley-Davidson ընկերությանը՝ ԱՄՆ-ի նկատմամբ Եվրամիության մաքսատուրքերի պատճառով արտադրության մի մասը երկրից դուրս տեղափոխելու մտադրության համար:
«Harley-Davidson-ը պետք է մնա Ամերիկայում 100 տոկոսով և այն մարդկանցով, որոնք ձեզ հաջողության են հասցրել: Ես ձեզ համար այդքան բան եմ արել, իսկ հետո ես սա եմ ստանում: Մյուս ընկերությունները հետ են վերադառնում: Ո՛չ մենք, ո՛չ ձեր գնորդները, ինչպես և մյուս երջանիկ մրցակիցները դա չենք մոռանա»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զարմանք է հայտնել, որ մոտոցիկլետներ արտադրող Harley Davidson ընկերությունն իր արտադրության մի մասը դուրս է բերում ԱՄՆ-ից՝ Եվրամիության մաքսատուրքերի պատճառով: Սպիտակ տան առևտրի և արտադրության հարցերով խորհրդական Պիտեր Նավարոն CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իշխանությունները կցանկանային, որ Harley Davidson-ն ավելի շատ մոտոցիկլետներ արտադրեր ԱՄՆ տարածքում:
Հիշեցնենք, որ Harley Davidson-ը որոշել է իր արտադրության մի մասն ԱՄՆ-ից դուրս բերել՝ ԵՄ-ի մաքսատուրքերի պատճառով: Հունիսին Եվրահանձնաժողովը 25 տոկոսի մաքսատուրք է սահմանել ԱՄՆ-ից Եվրամիություն որոշակի ապրանքների ներկրման համար՝ իրավիճակը հավասարակշռության բերելու նպատակով՝ ի պատասխան ալյումինի և պողպատի արտադրանքի համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի:










